ՄԻԵԴ-ը մեկ ամիս ժամանակ է տվել Վրաստանին և Ադրբեջանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեկ ամիս ժամանակ է տվել Վրաստանին՝ պատասխանելու այդ երկրում ապաստան գտած ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի առևանգման վերաբերյալ հարցերին: Այս մասին հայտնել է Մուխթարլիի փաստաբան Արչիլ Չոպիկաշվիլին: Ըստ փաստաբանի՝ հարցերը հիմնականում վերաբերում են ադրբեջանցի լրագրողի առևանգման փաստին, և դատարանը հետաքրքրվում է՝ արդյոք եղել է առևանգում, արդյոք տեղի է ունեցել ազատության կամ արտահայտման իրավունքի սահմանափակում, արդյոք եղել է իրավական հնարավորություններից օգտվելու իրավունքի խախտում, ինչպես նաև արդյոք եղել է երկրից փաստացի արտաքսում: ՄԻԵԴ հարցերի հասցեատերը նաև Ադրբեջանն է, որին ուղղված է վեց հարց և տրամադրված է դրանց պատասխանելու նույն ժամկետը:
