Այն, ինչ Էրդողանն է անում, հակասում է Եվրոպայի արժեքներին

Թուրքիան առաջարկում է ընդլայնել «ահաբեկչություն» հասկացությունը Թուրքիան գնալով սպառնալից տեմպերով կորցնում է իր կայունությունը։ Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայի մայրաքաղաքում գրանցվում է արդեն 3-րդ պայթյունը։ Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիան Իրաքի հյուսիսում կատարել է օդային գործողություն: Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ պարզվել է Անկարայի ահաբեկչության մասնակիցների ինքնությունը, հայտնում է Reuters-ը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իշխանությունները ունեն գրեթե ճշգրիտ ապացույց այն բանի, որ ՔԱԿ-ը Անկարայի ահաբեկչության մասնակից է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել «ահաբեկչություն» հասկացությունը և ահաբեկիչ ճանաչել ոչ միայն իրագործողներին ու ահաբեկչական գործողությունները ոգեշնչողներին, այլև բոլոր նրանց, ովքեր աջակցում են նման գործողություններին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Էրդողանի խոսքով՝ ոչ մի տարբերություն չկա զենքով կամ նռնակով ահաբեկիչների ու նրանց միջև, ովքեր իրենց հասարակական դիրքի օգնությամբ աջակցում են ահաբեկիչների նպատակներին։ Դա կարող են լինել լրագրողները, օրենսդիրները և տարբեր ակտիվիստներ՝ հավելել է Թուրքիայի նախագահը։ Թուրքիան «գրեթե համոզված է» Անկարայի ահաբեկչությանը քրդերի մասնակցության մեջ: Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իշխանությունները հստակ փաստեր ունեն, որ Անկարայի ահաբեկչությանը մասնակից է Քրդական աշխատավորական կուսակցությունը: Նա նաև նշել է, որ ներկա պահին ահաբեկչության գործով ձերբակալվել են 11 կասկածյալներ: Դավութօղլուի խոսքով՝ քննիչները առայժմ ահաբեկիչների ԴՆԹ փորձաքննություն են անցկացնում, քանի որ դեռ ոչ ոք չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել Անկարայում ահաբեկչություն իրականացրած երկրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը։ Իրավապահ մարմիններում թերթի աղբյուրները հայտնել են, որ երկրորդ մահապարտը Թուրքիայի քաղաքացի է և «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամ։ Նրա անունը չի հրապարակվում։ Անկարայի ահաբեկչության հետևանքով զոհվել է 37 և վիրավորվել 125 մարդ։ Անկարայի կենտրոնում պայթեցվել է պայթուցիկով լեցուն ավտոմեքենա։ Թուրքական Sözcu թերթը հրապարակել է մահապարտ ահաբեկչուհու ինքնությունը, որը նրա տվյալներով՝ PKK-ի անդամ Սեհեր Չագլա Դեմիրն է։ Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկատվությունը։ Նախնական տվյալներով՝ զոհվածների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են։ Երեկ Անկարայում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող կին մահապարտ ահաբեկիչ Սեհեր Չաղլը Դեմիրը կապ չի ունեցել ընդդիմադիր Cumhuriyet թերթի հետ։ Այս մասին հայտարարել է թերթի լրատվական բաժնի պետ Այշե Սայինը։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հրապարակել էին Դեմիրի լուսանկարը՝ հայտնելով, որ նա Cumhuriyet թերթի արտահաստիքային լրագրող է։ Այդ կապակցությամբ Այշե Սայինը հայտարարել է. «Որևէ նման բան չկա, մենք ապշած ենք նման տեղեկատվությունից։ Մենք ստուգել ենք մեր բոլոր փաստաթղթերը, ընդ որում՝ թե՛ Անկարայի, թե՛ Ստամբուլի գրասենյակներում, սակայն չենք գտել Դեմիրի հետ կապված որևէ բան։ Բացի այդ, մեր թերթում չի կիրառվում արտահաստիքային համագործակցություն»։ Նա հավելել է, որ թերթի փաստաբանները դիմելու են դատարան՝ կապված ԶԼՄ-ների նման հրապարակումների հետ. «Դա մեր թերթի դեմ ուղղված քարոզչական սև արշավ է»։ Ստամբուլում Անկարայի ահաբեկչությունը դատապարտող ցույցի մասնակիցների դեմ բիրտ ուժ է կիրառվել Անկարայի ահաբեկչությունը դատապարտելու նպատակով Ստամբուլում ցույց իրականացրած ամբոխի դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է օգտագործել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը: Ամբոխը ցույցի ժամանակ բղավել է «Գող, մարդասպան Էրդողան»։ Ցուցարարները կառավարությանը հրաժարականի կոչ են արել: Ստամբուլի Աշխատավոր և ժողովրդավարական ուժերը ցանկացել են երթ անցկացնել, սակայն ոստիկանությունն առանց նախազգուշացման անցել է բիրտ ուժի կիրառմանը: Կան ձերբակալվածներ: Իսկ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթի Դեմիրթաշը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, ցավակցել զոհերի ընտանիքներին և շուտափույթ առողջացում մաղթել վիրավորներին` նշելով. «Ամեն օր հաղորդվում է ցավալի նոր իրադարձության մասին։ Դիարբեքիր, Սուր, Ջիզրե, Յուքսեքօվա։ 5 ամսվա ընթացքում երկրի մայրաքաղաքում 3 մեծ պայթյուն եղավ։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը նախևառաջ նայի հայելու մեջ։ Կառավարության արած միակ բանը քննադատելն է։ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը ոչինչ չի անում։ Կարծես թե չկա քաղաքական պատասխանատվություն, կարծես թե երկիրը ղեկավարվում է ինքն իրեն, իշխանություն չկա։ Մեկ անգամ էլ դուք պատասխան տվեք։ Արդեն բավական է»։ Թուրքիայի համար որևէ ելք չկա՝ բացի քաղաքացիական պատերազմը «Այսօր Թուրքիայի համար որևէ ելք չեմ տեսնում՝ բացի քաղաքացիական պատերազմից»,- ասել է Թուրքիայի Ազգային ժողովի քրդամետ HDP կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը ֆրանսիական Télérama-ին: Հարցին՝ լարումը անդադար սաստկանում է Թուրքիայում։ Ի՞նչն է դրա ծանրակշռության աստիճանը, Փայլանը պատախանել է. «Հարյուր տարի առաջ լիրբ և պատեհապաշտ մի կառավարություն՝ Երիտթուրքերի կառավարությունը, նախընտրեց ազգային փոքրամասնությանը վերագրել Թուրքիայի բոլոր հարցերը՝ ներառյալ համաշխարհային թատերաբեմում իր նվաստացումը։ Դա ավարտվեց ցեղասպանությամբ։ Այսօրվա քրդերը երեկվա հայերն են։ Նրանք սպանվում են ընդհանուր անտարբերության ներքո։ Ի տարբերություն հայերի՝ նրանք զինված են և կազմակերպված։ Բայց Էրդողանը թիրախ է դարձնում նաև խաղաղ բնակիչներին՝ ներառյալ կանանց և երեխաներին։ Իսկ Եվրոպան լռում է՝ սարսափած այն մտքից, որ Էրդողանը հանկարծ թույլ կտա Հունաստան անցնել այն երեք միլիոն սիրիացիներին, որոնց ընդունեցինք։ Այդ հանցավոր լռությունը, սակայն, ոչնչով չպիտի պաշտպանի Եվրոպան։ Եթե դեպքերը վատ ընթացք ստանան, այս անգամ էլ հարյուր հազարավոր քրդեր պիտի բախեն իր դուռը…», գրում է 1in.am-ը։ Հարցին՝ նո՞ւյնն է կրկնվում մեր աչքի առջև, Փայլանը պատասխանելով՝ նախ խստորեն դատապարտել է Թուրքիայի սիրիական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Անկարան ցանկանում է հեռահար կառավարել այդ երկիրը՝ աջակցելով իսլամապաշտ խմբակցություններին, օրինակ՝ «Ալ-Նուսրային»: «Բայց դա ապուշություն է։ Սիրիան կարող է կառավարվել միայն բազմամշակութային հիմք ունեցող վարչաձևով»,- ասել է նա՝ հավելելով. «Մեկ այլ սխալ է Քրդական հարցը։ Մի քանի տարի առաջ խաղաղության գործընթաց էր ձեռնարկվել, որին աջակցել էր անձամբ Էրդողանը։ Բայց այնպես, ինչպես 1914-15-ին, երկրի ղեկավարները սկսեցին հակամարտել փոքրամասնությունների դեմ՝ հրապարակավ նրանց մեղադրելով թուրք ազգի դավաճաններ լինելու մեջ, ներկայիս կառավարությունն էլ երկրի բոլոր հարցերի համար պատասխանատվությունը բարդում է քրդերի վրա։ Քանի որ թուրքերը չեն հաջողում «կարդալ» իրավիճակը, քավության նոխազ են փնտրում, ու ներկայում բիրտ կերպով հարձակվում են նրանց վրա: Այս ամբողջը թերևս քաղաքացիական մեծ պատերազմի սկզբի մասին է ահազանգում։ Հայերը հրացան չունեին և կազմակերպված էլ չէին, սակայն քրդերի դեպքում ճիշտ հակառակն է»։ Ինչպե՞ս կարելի է դուրս գալ այս վտանգավոր վիճակից՝ հարցին Փայլանը տվել է հետևյալ պատասխանը. «Այս վիճակից դուրս գալու միակ միջոցը քրդերի հետ խաղաղության գործընթացն էր։ Սակայն Էրդողանը, որ պատեհապաշտ է, իշխանության մնալու ձև գտավ, շրջանցեց այդ գործընթացը և ընտրեց պատերազմը։ Բայց իմ ներքին ձայնը ինձ հուշում է, որ նա իր քաղաքական ասպարեզի վերջին փուլում է՝ շրջանի ավարտից առաջ»։ Հայ պատգամավորը պատասխանելով հաջորդ հարցին, թե ինչպիսի՞ դեր կարող են խաղալ գերտերությունները, դարձյալ զգայացունց հայտարարություններ է արել. «Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը և թե՛ Եվրոպան քաջ գիտակցում են, որ Թուրքիան զորակցում է «Ալ-Նուսրային»՝ հավելելով, թե ինքը մաս է կազմում երկրի բյուջեն ուսումնասիրող խորհրդարանականների խմբին և անձամբ նկատել է, որ այդ բյուջեի որոշ տողեր հստակորեն որևէ հատկացումի չեն համապատասխանում: «Խոսքը միլիարդների մասին է»,- ընդգծել է նա: «Վստահ եմ, որ այդ գումարները օգտագործվել են ԴԱԻՇ-ի նման խմբակցություններին օժանդակելու նպատակով»,- ավելացրել է Փայլանը: Իրենք բացատրություններ են պահանջել, բայց ապարդյուն: «Եվրոպան չի կարող շարունակել օգնել մի կառավարության, որ նման պահվածք է որդեգրել»,- ասել է նա: «Խոսքս ուղղում եմ եվրոպացիներին. եթե շարունակեք ձեր աջակցությունը Էրդողանին, մի օր էլ կտեսնեք, որ միլիոնավոր գաղթականներ կվազեն դեպի ձեր սահմանները, որովհետև ինչպիսին էլ լինի իր հետ ձեր ստորագրելիք համաձայնությունը, Էրդողանը չի կարող, չի ցանկանա իսկապես կասեցնել քրդերի և սիրիացիների մյուս կողմ անցքը։ Այն, ինչ նա անում է, հակասում է ձեր արժեքներին։ Եվ իր որոշումները հետզհետե կդառնան ավելի վատը»,- եզրակացրել է նա: Դեռ կարելի՞ է բանակցել Էրդողանի հետ՝ հարցին Փայլանը պատասխանել է, թե այլևս ոչ ոք ազդեցություն չի կարող ունենալ նրա վրա: Նրա խոսքով՝ խորհրդարանի շուրջ 250 պատգամավորներից, որոնց հետ ինքը զրուցել է, այլևս ոչ մեկին չի հաջողվում հանդիպել Էրդողանի հետ: «Նույնիսկ եթե այդ հնարավորությունը ունենային, միևնույն է՝ ոչ մեկը չի կարող քննադատել նրա որոշումները։ Մնացել են միայն զինվորականները և լրահավաք ծառայությունները։ Այդ պատճառով է, որ բացի քաղաքացիական պատերազմից՝ այլ լուծում ես չեմ տեսնում»,- նշել է նա: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am