Էդուարդ Շարմազանովը՝ «Երեւան» Հիմնադրամում ԱԱԾ Գործողությունների Մասին
«Երեւան» հիմնադրամում ԱԱԾ-ի գործողությունները Հայաստանի հանրապետական կուսակցությունը համարում է ոչ համաչափ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա 37 թիվը չէ: «Մտահոգություն ենք հայտնում այդ գործողություններում հնարավոր քաղաքական շարժառիթների վերաբերյալ եւ չենք բացառում դրանց հավանականությունը: Որպես քաղաքական ուժ՝ բացարձակապես օրինականության կողմնակից ենք եւ ուշի ուշով հետեւում ենք գործընթացին: Սա 37 թիվը չէ. չեմ կարծում, որ եթե հրավիրեին պաշտոնյաներին կամ փաստաթղթեր խնդրեին՝ առանց դիմակներով ներխուժման, չկարողանային մեր հարգարժան գործընկներն այս ամենը ստանալ: Ամեն ինչ պետք է լինի իրավունքի սահմաններում, բայց ձեւը համաչափ չէ»,- կարծիք է հայտնել ՀՀԿ խոսնակը:
