Հայաստանը ողջունում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը․ Բալայան
Հայաստանը ողջունում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Սինգապուրում հունիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ավարտին փաստաթուղթ են ստորագրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ: Սինգապուրյան հանդիպումն ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր պատմության մեջ: Գագաթնաժողովը հնարավոր դարձավ տեւական բանակցությունների արդյունքում: Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը: Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ քննարկել Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման հնարավորությունը:
