ՍԴ-ն հերքում է.ՍԴ-ն կապ չունի հայտարարության հետ
ՀՀ սահմանադրական դատարանի անունից հայտարարություն է տարածվել ՝կապված դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: «Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում մեկ ձայնի առավելությամբ ընտրվում է Ելիզավետա Դանիելյանը՝ ստանալով 88 ձայն»,-նշված է հայտարարության մեջ: ՀՀ Սահմանադրական դատարանից հայտնում են, որ երեկ՝ 2018թ. հունիսի 11-ին, զանգվածային լրատվության որոշ միջոցներում տեղ է գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովից դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը նման հայտարարությամբ երբևիցե հանդես չի եկել, իսկ մամուլում տեղ գտած հայտարարությունները ՀՀ սահմանադրական դատարանի հետ որևէ առնչություն չունեն», - հայտնում են Սահմանադրական դատարանից:
