Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Արթուր Աղաբեկյանը՝ ԳՇ պետի նշանակման մասին
Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին: Այս մասին Facebook-ում գրել է Արցախի նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակմանը: «Արդեն 10 տարուց ավելի է, ինչ թողել եմ Զինված ուժերը, բայց, ի տարբերություն բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված ուժերում իրականացվող թե՛ բարեփոխումների եւ թե՛ կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները եւ մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը Գլխավոր շտաբի նորանշանակ պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»,- գրել է Արթուր Աղաբեկյանը։
