Ալեքսանդր Արզումանյանը 2500 եվրո կստանա
Կառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռվել էր Արզումանյանի հայցը բավարարել: Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար ու «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի կալանքի տակ պահելու հանգամանքին:
Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին, ապա կալանավորվել: Դատարանը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում հանցանքի ծանրության ու իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա: Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է։
Ալեքսանդր Արզումանյանը պնդում է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության ու անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:
Եվրոպական դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր ու բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու ու դրա ժամկետը երկարաձգելու մասին իրենց որոշումների համար:
Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ Այսպիսով՝ որոշում է կայացվել կատարել արդարացի փոխհատուցում։
Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 2000 եվրո ոչ նյութական վնասի և 500 եվրո ծախսերի և ծախքերի դիմաց:
