Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան
Մեր ունեցած տեղեկություններով ,մայիսի 26-ին Արամ Աթեշյանը կայցելի Հայաստան: Արամ Աթեշյանը Երեւանում կամասնակցի Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի նիստերին: Արամ Աթեշյանը, հիշեցնենք, նամակ էր ուղարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին` հայտնելով, որ վշտացած է Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով: Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակում Աթեշյանը հայ համայնքի անունից ափսոսանք էր հայտնել գերմանացի օրենսդիրների որոշման համար` հայտարարելով, թե «հայերը օգտագործվում են իմպերիալիստական ուժերի կողմից»: Նա անընդունելի և սխալ էր համարել, որ Գերմանիայի խորհրդարանը «գերմանացի ժողովրդի անունից որոշում է կայացնում իր իրավասությունների մեջ չմտնող հարցի վերաբերյալ, օրինականացնում այն, իրեն դատավորի տեղ դնում»: Ստամբուլում լույս ընծայվող «Ակօս» պարբերականը հանդես էր եկել պատասխան նամակով: «Ակօս»-ի խմբագրակազմը իր անհամաձայնությունն էր հայտնել Աթեշյանի արտահայտած կարծիքին` ընդգծելով, որ վերոնշյալ նամակը կարդացել է բարկության և ամոթի զգացումով:
