«Մեր մասով, Ադրբեջանի մասով, ուժի մե՞ջ են». Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է պատգամավորների հարցերին
Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը, դիմելով արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հարցադրումն արեց. «Հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են Երևան: Կա՞ հստակություն, մեր դիրքորոշումներով փոփոխություն կա՞, մինչ այդ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ մեր մասով, Ադրբեջանի մասով, ուժի մե՞ջ են»: «Երկխոսություն կլինի համանախագահների հետ և Հայաստանի համար շատ էական է պահպանել գործընթացի դինամիկան, որի հիմքում հանձնառություն կա բացառապես բանակցությունների միջոցով հասնել հարցի խաղաղ կարգավորման: Մենք կապի մեջ ենք համանախագահների հետ, հեռախոսազրույց ենք ունեցել: Գնահատելով օրացույցները՝ նախատեսում ենք հունիսին վերականգնել գործընթացը: Մեր դիրքորոշման շարունակականությունը արտահայտվել էր: Ամենակարևոր սկզբունքը բացառապես բանակցությունների միջոցով խաղաղ գործընթացի ապահովումն է՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,- նշեց Մնացականյանը: Կարեն Բեքարյանը նաև հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նախագահի այցը Նախիջևան, որի ի պատասխան Մնացականյանն ասաց, որ պետք է բացառել այնպիսի գործոններ, որոնք բացասաբար կազդեն իրադրության վրա:
