Դատարանը շարունակում է նախկին գործելաոճը
«Սասնա ծռեր»- 1-ի՝ Պավել Մանուկյանի ու մյուսների, գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Ամբաստանյալներն այսօր առհասարակ դատարան չէին ներկայացվել՝ գրությամբ ոստիկանությունը դատարանին խնդրել էր, որ մի քանի օր ամբաստանյալներին դատարան չբերեն, քանի որ «Սասնա ծռերի» աջակիցները դատարանի շենքն են շրջափակում: Անցյալ դատական նիստում ամբաստանյալներին 10-ը ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելու դատական սանկցիա էր կիրառվել: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Խանդոյանի պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքով՝ դատարանը շարունակում է նախկին գործելաոճը՝ խախտում է թե՛ փաստաբանների, և թե՛ նրանց պաշտպանյալների իրավունքները: Այնուհետև, ինչպես տեղեկացրեց՝ դատարանն ի պատասխան նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների արտահայտած վրդովմունքի, հայտարարել է, որ եթե այդպես շարունակվի, դռնփակ դատական նիստ է անցկացնելու, որը կկարողանան լուսաբանել միայն հավատարմագրված լրագրողները:
