Լևոն Տեր-Պետրոսյան. Պետականությանն սպառնացող վտանգավոր իրավիճակ

Ցանկացած հեղափոխության համար ամենակարևոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգևորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսևորել և փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ լոկալ խնդիրներ: Ահա այս երևույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում, թեև իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր` Արարատի ցեմենտի և ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի և «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երևանի քաղաքապետարանի և թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սևանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, և այլն: Կրկնում եմ` այդ բոլոր միջոցառումներն էլ, նրանց առաջ քաշած պահանջներն էլ, քիչ բացառություններով, միանգամայն արդարացի են: Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչև հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, քրեական տարրերի ահաբեկումների, աշխատանքը և բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով: Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել: Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել: Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն, անգամ բարեկամ, լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել, երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության: Սա ամենավտանգավոր իրավիճակն է ցանկացած պետության համար: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետև բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Շատ օրինակներ չեմ ուզում բերել. մեր հասարակության համար, կարծում եմ,  բավարար են 90-ականների սկզբի Վրաստանի և Ադրբեջանի իրավիճակները: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը և պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաև հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռևանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը: Այս ամենը ես ասում եմ ոչ որպես տեսական դատողություններ: Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը: Արդարությունը պահանջում է նշել, որ հետագայում, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարելիությունը ոչ միայն չսասանվեց, այլև բոլորովին ուրիշ, անընդունելի արժեքների դավանմամբ և հակաժողովրդարական ու հակաօրինական միջոցների կիրառմամբ նույնիսկ չափից ավելի կուռ դարձավ, ինչը և հանդիսացավ այսօրվա հեղափոխության հիմնական պատճառը: Հավաստիացնում եմ, հոդվածիս դրդապատճառը միայնումիայն սրտցավությունն է նոր կառավարության հաջողության հանդեպ: Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար: Լևոն Տեր-Պետրոսյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Մակրոնն այսօր Երեւանում փայլուն ընդունելության է արժանանում․ Շարմազանով Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը Պայթյուն՝ Տավուշի մարզում. Երիտասարդի ձեռքում նռնակ է պայթել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած Մահաբերի «խաղաղությունը» Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրանիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ․ Շարմազանով Զելենսկին ժամանեց Հայաստան Իրական «ինքնիշխան» վարքագիծ Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան Գործադրեք քաղաքական ճնշում Բաքվի դեմ՝ հայ գերիների ազատ արձակման համար․ Արցախի ԱԺ ուղերձը Խաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված հեռու չի կանգնած մեր ցավերից. Տեր Հեթում Սեդրակ Թեոնյան, սա էլ հո հիվանդանոցի ՔՊ-ական տնօրենի կողմից կազինոյով բյուջեի փողերը կրվելու թեմա չի․ Բադոյան Հնդիկ կալանավորը «Արմավիր» ՔԿՀ-ում փորձել է ինքնասպանություն գործել 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել է Թալինի համայնքապետի «սոցիալական օգնության» առնչությամբ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի Հրդեհ՝ Երևանում. տարհանված քաղաքացիներ կան․ երեխաներ են հոսպիտալացվել Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը․ Հայաստան» դաշինք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am