Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. կան զոհեր
Ադրբեջանի Յարդըմլինի շրջանի Դաշքենդ գյուղի մերձակայքում` սահմանային անցակետի տարածքում, կանխվել է պետական սահմանի խախտման փորձը, հաղորդում է trend.az-ը: Ադրբեջանական գործակալության հաղորդման համաձայն՝ 04:10-ին հայտնաբերվել է 8-10 մարդուց բաղկացած խումբ, որը փորձել է Իրանի կողմից հատել Ադրբեջանի հետ սահմանը: Խմբի անդամներն անտեսել են կանգ առնելու կոչերն ու նախազգուշական կրակոցները և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են սահմանը խախտողներից 5-ը, ևս 2-ը ձերբակալվել են: Դեպքի վայր ժամանած ռազմական բժիշկները չեն կարողացել փրկել վիրավորներին: Իրավախախտների թվում են եղել Բանգլադեշի քաղաքացիներն ու նրանց ուղեկիցները, ովքեր զինված էին: Դեպքի վայրի քննության ժամանակ հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտներ և Browning ապրանքանիշի ատրճանակ:
