Օտարերկրյա փորձագետները՝ թավշյա հեղափոխության մասին. ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պատրաստ են Փաշինյանի իշխանությանն աջակցել

Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը նշանակալի փաստ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան առաջատար լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում: Ընդհանուր առմամբ հնչող գնահատականները դրական են, ընդգծվում է շարժման ժողովրդավարական և խաղաղ բնույթի կարևորությունը: Ամերիկացի վերլուծաբանները վերլուծում են թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա: «Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: Արևմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստական առաջնորդների հաղթանակները, միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն և կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար»,- ըստ Ազատություն ռադիոկայանի՝ նշել է Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին: «Ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղ միջոցներով պայքար է սկսել այն խմբի դեմ, որին չի համարում լեգիտիմ: Պետք է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղ և հանրային միջոցներով իր ձեռքբերումների համար»,- նշում է ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը: Ներքաղաքական տեսանկյունից հայկական թավշյա հեղափոխության հաջողության հիմքում էին ընկած մի շարք կարևոր դրդապատճառներ, ներառյալ ընդդիմության երիտասարդացումն ու սերնդափոխությունը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարումը բռնի սցենարից, երկար տարիներ գործող համակարգի անարդյունավետությունն ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Փորձագետները ընդգծում են երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը «Անհատները կարևոր են իհարկե, սակայն հաստատությունները ևս չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բազմաթիվ հաստատություններում՝ պաշտպանության, արտաքին հարաբերությունների, առկա են արհեստավարժ մասնագետներ, ովքեր տիրապետում են խնդիրներին: Նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել նոր կառավարությանը»,- ընդգծում է Ստրոնսկին: «Այս զարգացումները չեն կարող անվերջ տևել, անհրաժեշտ է նոր վարչապետի նշանակում և, հավանաբար, նոր ընտրությունների անցկացում Սահմանադրության դրույթների պահպանմամբ», - ասում է դեսպան Կազլյարիչը: «Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը և իշխանությունից հեռանալը իրականում անհերքելիորեն նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում հույսի բացակայությունը»,- նշել է Մարկ Բեհրենթը՝ Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենը: Մոսկվան ու Վաշինգտոնը ցանկանում են ՀՀ նոր իշխանությունների հետ համագործակցություն Հայաստանյան զարգացումներն, անկասկած, կարևոր են նաև երկրի ապագա արտաքին քաղաքականության համար: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է այս զարգացումների բացարձակ ներքաղաքական բնույթն ու բացառել Հայաստանի հետագա արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձը: Փորձագետներն արձանագրում են, որ խոշոր տերությունների արձագանքներն այս առումով հիմնականում եղել են չեզոք: «Կարծում եմ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան դասեր են քաղել 2014թ. ուկրաինական զարգացումներից, երբ շատ արագ կարծիք ձևավորեցին տեղի ունեցածի վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը ներքևից է մղվել վերև և կարծում եմ այն զարմացրել է շատերին, ներառյալ պարոն Փաշինյանին: Բոլոր կողմերը փորձեցին չքաղաքականացնել տեղի ունեցածը՝ հակառակ ուկրաինական իրադարձությունների»,-ընդգծում է Ստրոնսկին: «Ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգությունից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով ԼՂ-ի հակամարտությունը, կհաջողվի որդեգրել բազմակողմանի արտաքին քաղաքականություն: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն, թեև լինելով ռուսաստանամետ, հնարավորություն կունենա ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,- նշում է Բեհրենթը: Այս պահին Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարությունները վկայում են Երևանի նոր իշխանությունների հետ խոշոր տերությունների համագործակցության պատրաստակամության մասին, որոնք սպասում են այնտեղ ներքաղաքական իրավիճակի վերջնական հանգուցալուծմանը: Գալիք իշխանությունների որդեգրած քաղաքականությունից է կախված, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ: Ավելի շատ տոնախմբության՝ քան հեղափոխության Դա ավելի շատ նման էր տոնախմբության, քան հեղափոխության, գրում է բրիտանական հեղինակավոր Economist-ը՝ անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին: «Անվադողեր այրելու ու բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդները փաթաթվում էին հայկական դրոշով, փողոցում պարում, ճանապարհներն էլ փակում վոլեյբոլ խաղալով կամ պարզապես գորգերի վրա նստելով: Այս ամենի ետևում, սակայն, թավշա հեղափոխությունն է, որն առաջնորդում է Հայաստանի երիտասարդ սերունդը՝ անկախացումից ի վեր երկիրը վերահսկող հին գվարդիայի դեմ», - գրում է Economist-ը, հավելելով. - «Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը տասնյակ իշխանամետ պատգամավորներ փորձեցին վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով նրան որպես վտանգավոր, հակառուս և Կրեմլի համար ոչ ընդունելի թեկնածու, սակայն Մոսկվան լուռ էր»: Ըստ Economist-ի՝ «Ռուսաստանը վստահ էր Հայաստանի վրա ունեցած իր ռազմավարական իշխանության վրա և չէր ցանկանում աջակցել պարտվող կողմին»: The Washington Post-ը նույնպես փաստում է՝ վարչապետին պաշտոնանկ անելը կարող է իսկապես շատ բարդ լինել, սակայն գործընթացը պետք է նաև հաճույք պատճառի․ համենայն դեպս, այդ տպավորությունն է ստացել թերթի թղթակիցը հայաստանյան վերջին իրադարձություններից: «Հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել՝ անարյուն հեղափոխության, որի արդյունքում այդ փոքրիկ երկիրը առնվազն կարողացավ ձերբազատվել ավտորիտար կառավարումից», - գրում է The Washington Post-ը՝ շարունակելով․ - «Ապրիլի կեսերից, երբ խարիզմատիկ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսել է ցույցերը, Երևանը մտել է փողոցային տոնախմբությունների մի հորձանուտ, ուր հիմնականում երիտասարդները պայքարի են դուրս եկել, իրենց համոզմամբ, կոռումպացված իշխանությունների դեմ»: «Մենք՝ հայերս պարում ենք, երբ երջանիկ ենք», - ասել է ցույցի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով․ - «Մեզ շատ է երջանկացնում գիտակցումը, որ կարող ենք իշխանություններին ցույց տալ՝ նրանք չեն կարող մեզ խաբել»: Անդրադառնալով Փաշինյանի ծրագրերին, Independent-ը փաստում է՝ մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը նա խուսափեց ինքն իրեն ներկայացնել որպես ձախակողմյան կամ աջակողմյան գործիչ, պնդելով, թե այդ մոտեցումներն այլևս կենսունակ չեն: Ոմանք կարծում են, որ միտումնավոր քայլ էր՝ առավել ընդարձակ ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու համար, սակայն նրանք, որ ծանոթ են Փաշինյանին, նրան ներկայացնում են որպես ի սրտե լիբերալ, գործնականում՝ ինքնավստահ պոպուլիստ, հարկ եղած դեպքում էլ՝ պրագմատիկ քաղաքական գործիչ, գրում է Independent-ը: Ամերիկայի ազգային պաշտպանության ինստիտուտի պրոֆեսոր Էնդրյու Նովոն հեղինակավոր Atlantic Council-ի կայքում վերլուծելով համազգային այս շարժման պատճառները, փորձագետը նշում է՝ մարդիկ ուզում են շուկայական տնտեսություն, ոչ թե տնտեսություն, որը հիմնված է իշխող էլիտայի և նրանց հարազատների բանդիտական սեփականաշնորհման վրա, նրանք ուզում են գործող ժողովրդավարություն, ոչ թե կեղծ ընտրություններ, աշխարհաքաղաքական անկախություն, ոչ թե սեփական ինքնիշխանության զիջումը Մոսկվային: Փաստելով, որ Ռուսաստանը բավական զուսպ էր հետևում հայաստանյան թավշյա հեղափոխությանը՝ պաշտպանական ոլորտում հայտնի ամերիկացի պրոֆեսորը միաժամանակ նշում է՝ հենց որ Ռուսաստանը զգա, որ իր հարաբերությունները Հայաստանի հետ վտանգի տակ են, կփորձի մեկուսացնել դեմոկրատական բարեփոխումների առաջնորդներին կամ տապալել նրանց: «Եթե արևմուտքը ոչինչ չանի ժողովրդավարական այս ցույցերի էական արդյունքներն ամրապնդելու համար, բարեփոխումները կլինեն ավելի շատ մակերեսային, քան խորքային, և Հայաստանը կմնա Ռուսաստանի աղքատ կցորդը: Եթե ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական գործիչներն ուզում են հավատարիմ մնալ ժողովրդավարությանն աջակցելու՝ իրենց կոչերին, նրանք չպետք է թողնեն, որ Հայաստանի ժողովուրդը միայնակ դիմակայի իր օլիգարխիկ ռեժիմին ու համակարգային կոռուպցիային»,- ընդգծում է ամերիկացի պրոֆեսորը: Միջազգային ճգնաժամային խումբն էլ հայաստանյան զարգացումներին նվիրված զեկույցում նշում է՝ արտաքին ուժերը չպետք է կողմերից որևէ մեկին սատարեն, բայց նաև չպետք է շատ հեռանան գործընթացներից: «Խիստ չեզոքություն պահպանելով՝ նրանք կարող են տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել՝ ներկայիս ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար»,- նշում է փորձագիտական խումբը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Բունտ և ձերբակալություններ՝ ԱՄՆ-ում․ վետերանները դեմ են Իրանի հետ պատերազմին Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը «Նախընտրական քեֆի է փորձելու դա վերածել» Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ապահովել նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում Ոմն մեկի արտահայտած միտքը չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ. մի՛ փորձեք Սուրբ Եկեղեցու հաշվին ձեր քայքայված հեղինակությունը վերականգնել. Տեր Պսակը՝ Փաշինյանի մասին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը նոր փակագծեր բացեց պատերազմից․ ի՞նչ հրաման էր տալիս Նիկոլը (video) Ահա որն է մեր կոչը Հայաստան–ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ. մարտահրավերը նետված է. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած խաղը․ Անդրանիկ Միհրանյան (video) «Հրապարակ». Տավուշ ամրոցը քանդվում է «Նիկոլի ոստիկանները ծեծելով կին են սպա*ել». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Հրապարակ»․ Գյումրեցին հասկացել է վաղուց, թե ով է Նիկոլ Փաշինյանը Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն» «Դու ի՞նչ իրավունք ունե՛ս․․․»․ Եզրաս Սրբազանը «մերկացրեց» Փաշինյանին (video) Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Տիկին Մարության չկա՛, պարոն ա․ սուր երկխոսություն՝ Երևանի ավագանու նիստում (video) «Ներմուծողը փոխկապակցված է Ավինյանի պապայի հետ». Պեդրո Զարոկյան Ասեմ՝ ինչ սիգնալ ուղարկեց Պուտինն ընդդիմադիր առաջնորդներին․ Անդրանիկ Միհրանյան (video) Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ Նիկոլը թռնելու է հայ ժողովրդի ձեռքով․․․ Արմեն Աշոտյան (video) Հազարավոր հայերի զորակցությունը Սամվել Կարապետյանին․ Եզրաս Սրբազանը՝ Մոսկվայից (video) Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Ուժեղ պայթյուն՝ Բուխարեստի ՋԷԿ-ում. զոհեր չկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am