Կոչ Ադրբեջանին՝ ազատ արձակել Իլգար Մամեդովին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 8-10-ին քննարկումներ է իրականացրել, որի արդյունքում որոշում է կայացվել ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով։ Նախարարների կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ Մամեդովը դեռ ազատ չի արձակվել՝ չնայած նրան, որ ՄԻԵԴ-ը վճռել է, որ խախտվել են նրա հիմնարար ազատությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի կառավարությունից չի ստացվել որևէ պատասխան՝ կապված Մամեդովի ֆիզիկական անձեռնմխելիության ապահովման պահանջի հետ։ Նախարարների կոմիտեն Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան ևս մեկ անգամ Ադրբեջանի կառավարությանը հիշեցրել է Ստրասբուրգի դատարանի որոշումները կատարելու վերաբերյալ նրա ստանձնած պարտավորությունների մասին և կոչ է արել ազատ արձակել Մամեդովին։
