Սպառնացող նախագահը
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը, որը որոշում է կայացրել ազատ արձակել երկու ընդդիմադիր լրագրողների, կայացրել է «Թուրքիայի դեմ» ուղղված որոշում. «Այդ ինստիտուտը՝ նրա նախագահի ու մի շարք անդամների մասնակցությամբ չի խորշել ընդունել այնպիսի որոշում, որն ուղղված է երկրի ու ժողովրդի դեմ»։ Էրդողանը հույս է հայտնել, որ ՍԴ-ն վերստին չի փորձի անել նման բան, քանի որ դա պատճառ կդառնա նրա լեգիտիմությունն ու գոյությունը քննարկելու համար։ Սրանից առաջ ՍԴ-ի որոշմամբ Թուրքիայում ազատ էին արձակվել ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագիր Ջան Դյունդարն ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլը, որոնք 2015 թվականի մայիսին տեսանյութ էին հրապարակել Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի ջիհադականներին գաղտնի զենք մատակարարելու մասին։
