ԱՄՆ պետքարտուղարության կոչը.իշխանության խաղաղ անցումն իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով
Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը» ռադիոկայանը: «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ անցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սահմաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,– ասել է նա:
