50 հազար օտարերկրացի կարտաքսվի Գերմանիայից
Գերմանիայում առանց համապատասխան թույլտվության գտնվող և մոտ ապագայում արտաքսման ենթակա օտարերկրացիների թիվը 49.400 է։ Այդ մասին հայտնում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված Գերմանիայի ներքին գործերի նախարարության զեկույցը: Ընդ որում՝ ընթացիկ տարում հաստատվել է փախստականի կարգավիճակ ստանալու մոտ 162,1 հազար դիմում: Նոր կարգավիճակով օտարերկրացիների 40 տոկոսը Սիրիայից են, 20 տոկոսը՝ Աֆղանստանից: Դրան զուգահեռ աճում է Միգրացիայի հարցերով գերատեսչության աշխատակիցների թիվը: 2015 թվականի սեպտեմբերից նրանց թիվն ավելացել է մոտ մեկ երրորդով՝ հասնելով 1,2 հազարի։ Նախկինում այդ գերատեսչությունը հաճախ քննադատության էր ենթարկվում այն պատճառով, որ երկար էր քննում փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները: 2015 թվականին Գերմանիա է ժամանել ապաստանի դիմում ներկայացրած 1,1 միլիոն ներգաղթյալ:
