Օսիպյանը Փաշինյանին հանձնեց հավաքը դադարեցնելու ծանուցումը
Ոստիկանությունը տանկ է տեղակայել նաեւ Պռոշյան փողոցում: Բաղրամյանում մի քանի զրահապատ մեքենաներ են ավելացել: Հազարավոր քաղաքացիներով մարդաշատ երթ է Երեւանի փողոցներում, նրանք շարժվում են՝ պարբերաբար փակելով փողոցներ: Փողոցները փակելու համար օգտագործում են նստարաններ, աղբամաններ, ավազե պարկեր, աղբի դույլեր, քարեր ու այլ իրեր: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին հանձնեց ծանուցումը՝ կապված հավաքները դադարեցնելու հետ: «Ոստիկանությունը որոշում է կայացրել հավաքները դադարեցնելու վերաբերյալ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի: Դուք որպես կազմակերպիչ եք, սա փոխանցում եմ ձեզ, որ տեղեկացնեք հավաքի մասնակիցներին: Հակառակ դեպքում ոստիկանությունը օրենքով նախատեսված կարգով կդիմի գործողությունների»,-ասաց Օսիպյանը Փաշինյանին,ով վերցրեց ծանուցման թուղթը եւ հրապարակավ պատռեց՝ հայտարարելով. «Հայաստանում սկսված է տոտալ քաղաքացիական շարժում»:
