ՀՀԿ-ն խորհրդի նիստը թաքուն կանի, քաղաքից դուրս, որ չընկնի ընդդիմադիրների շրջափակման մեջ
Հայկական ժամնակի տեղեկություններով, հանրապետական կուսակցությունը Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած մեծ հանրահավաքից եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարած քայլերից հետո որոշել է ՀՀԿ խորհրդի նիստը թաքուն անցկացնել: ՀՀԿ գործադիր մարմնի չորեքշաբթի օրը տեղի ունեցած նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ապրիլի 14-ին՝ շաբաթ օրը, տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի հարցը: Նկատենք, որ ՀՀԿ-ն, որպես կանոն, խորհրդի նիստ հրավիրում է՝ ԳՄ նիստում արդեն կայացված որոշման մասին խորհրդի ընդլայնված կազմին տեղյակ պահելու համար: Հասկանալի է, որ չորեքշաբթի օրը ՀՀԿ ԳՄ-ում վարչապետի թեկնածուի անունն արդեն հնչել է, պարզապես այդ մասին դեռ չհայտարարվեց: Իշխանության վերին օղակներում թերեւս որոշել են տեսնել՝ ինչքան մարդ կհավաքվի Ազատության հրապարակում եւ ինչ գործընթացներ կծավալի Փաշինյանի սկսած շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետի: Եւ ահա, գնահատելով իրավիճակը, ՀՀԿ-ականները որոշել են նիստը մայրաքաղաքից դուրս անել, որպեսզի չընկնեն ընդդիմադիրների շրջափակման մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունենալու Ծաղկաձորում: Ավելին, երբ մեր թղթակիցը, որպես ՀՀ շարքային քաղաքացի, զանգեց Ծաղկաձորի էլիտար հյուրանոցներ՝ տեղ ամրագրելու, Գոլդեն փելես հյուրանոցից հայտնեցին, որ իրենց մոտ ապրիլի 14-ին խիստ կարեւոր փակ միջոցառում է տեղի ունելու եւ այդ օրը հնարավոր չէ մուտք գործել հյուրանոց:
