«Էդ ի՞նչ մի պրոբլեմ ա». Վարչապետը զայրացավ
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը համաձայն չէ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկման հետ, թե իրենից հիասթափվել են։ «Հիասթափություն կա, թե չէ, դա ձեր գնահատականն է, ինչքանո՞վ է դա համընկնում շատ մարդկանց գնահատակնների հետ», -ասաց Կարեն Կարապետյանը։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե կառավարությունն ի՞նչ քայլեր է անում ԵՏՄ տարածք Ռուսաստանում աշխատող հայ վարորդների իրավունքները պաշտպանելու համար, քանի որ վերջին օրերին դարձյալ ահազանգեր կան, որ հայ վարորդներին ՌԴ-ում նեղն են գցում: Պատգամավորն ասաց, թե կառավարությունը «մի հատ վարորդական իրավունքի հարց չի կարողացել լուծել»: «Որովհետև կառավարությունն էդ հարցին էնքան ուշադրություն, ինչքան որ դուք հիմա փորձում եք տալ, չի տալիս: Դիմում են, ուրեմն էդ հարցը կքննարկվի: Վարորդները պրոբլեմ ունեն: Պրոբլեմ ունեն, կլուծենք, վայ: Էդ ի՞նչ մի պրոբլեմ ա: Ի՞նչ են ասում վարորդներին՝ ասում են, եթե էդ երկրում ուզում ես աշխատես, դու ռուսերեն լեզուն պիտի իմանաս»,- վրդովված արձագանքեց Կարեն Կարապետյանը:
