Թուրքիայի լեզվաբանական ընկերության բառարանում ռուսներին անվանում են «մոսկովյան գյավուրներ»
Թուրքիայի լեզվաբանական ընկերության (TDK) կայքի էլեկտրոնային բացատրական բառարանում «ռուս» բառի բացատրությունը ներկայացվում է նաև բացասական երանգով ու վիրավորական շեշտադրումով: Այսպիսով «ռուս» բառի համար նշված է բացատրության 2 տարբերակ։ 1. Ռուսաստանի Դաշնությունում բնակվող արևելասլավոնական ժողովուրդ 2. «Մոսկովյան գյավուր» Ermenihaber-ը՝ Hurriyet-ի հղմամբ գրում է, որ «գյավուր»-ը բառացիորեն նշանակում է «անհավատ»։ Թուրքերը «գյավուր» են անվանում նրանց, ովքեր մուսուլման չեն: Թուրքերի կողմից գործածվող այդ բառը թշնամական երանգ ունի և պարունակում է արհամարհական ու ստորացուցիչ իմաստ։ Եվ ահա ըստ թուքական բառարանի՝ ռուսները մոսկովյան գյավուրներ են: Նշյալ բառարանում այս և մի շարք այլ բառերի բացատրությունը մեծ աղմուկ ու դժգոհություն է առաջացրել սոցցանցերում: Համացանցի թուրք օգտատերերից ոմանք իրենց մեկնաբանություններում նշել էին. «Հետաքրքիր կլինի տեսնել այն մարդկանց դիպլոմները ովքերը կազմել են այս բառարանը»: «Այս երկրում կա արդյո՞ք մի բան, որ ճիշտ է ներկայացվում»: «Չեմ թողնելու, որ դպրոցում սովորող երեխաս օգտվի այս բառարանից»։ «Արդարություն և զարգացում» կուսակցության ենթակայության տակ գտնվող կառույցները պետք է փակել»:
