Տասը տարի առաջ կարծիք կար, որ Սարգսյանը լինելու է Քոչարյանի խամաճիկը. Փոլ Սթրոնսկի
Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպիսին պետք է լինի Արեւմուտքի արձագանքը» խորագրով քննարկումը: Քննարկմանը ներկայացված են եղել Ժողովրդավարության ազգային հիմնադրամը, Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը եւ Վուդրո Վիլսոնի միջազգային գիտահետազոտական կենտրոնը: Նշված կազմակերպությունների, այդ թվում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի մասնագետները եւ հետազոտությունները դեռեւս անցյալ դարից իրական ազդեցություն ունեն ոչ միայն ԱՄՆ արտաքին քաղաքականության, այլեւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Քննարկման ընթացքում բարձրաձայնված հարցերը մեծապես առնչվում են Հայաստանի նկատմամբ տարվող եւ տարվելիք քաղաքականությանը, Արցախի խնդրին, սակայն անդրադարձ է եղել նաեւ մեր ներքաղաքական իրավիճակին եւ քաղաքական նոր մոդելին: Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան եւ Եվրասիա» ծրագրի ավագ մասնագետ Փոլ Սթրոնսկին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին, նշելով, որ եթե անգամ նա չլինի վարչապետը, ապա լինելու է իր վերահսկողության տակ գտնվող անձանցից մեկը: Բայց նման սցենարը Սթրոնսկին, այդուհանդերձ, քիչ հավանական է համարել, նշելով, որ «տասը տարի առաջ կարծիք կար, որ Սարգսյանը նախագահի կարգավիճակում լինելու է Քոչարյանի խամաճիկը», սակայն իրականությունն այլ ուղղությամբ զարգացավ: Վուդրո Վիլսոնի կենտրոնի ներկայացուցիչ, նախկինում Վրաստանում ԱՄՆ դեսպան Քենեթ Յալովիցն ասել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատերազմի վտանգը բացասաբար է ազդում ժողովրդավարության զարգացման վրա: «Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը իշխանությունների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու պատրվակ է հանդիսանում», - ասել է նա: Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ ինչ այլ հարցեր են քննարկվել Վաշինգտոնում: Հոդվածն ամբողջությամբ՝«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
