Սյունիքում քարով եւ կացնի բութ մասով հարվածներ են հասցրել կնոջ գլխին․ կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վ.Խոտանան գյուղում 79-ամյա կնոջը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է: Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2018թ. ապրիլի 9-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային եւ գլխուղեղի վնասվածքներով՝ անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի մի բնակչուհի՝ ծնված 1939թ.: Պարզվել է, որ տարեց կինը ծանր մարմնական վնասվածքները ստացել է Վ.Խոտանան գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող եւ անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է, որ 79-ամյա կինը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է ապրիլի 9-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Վ.Խոտանան գյուղում համագյուղացու՝ 1958թ. ծնված տղամարդու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ. վերջինս քարով եւ կացնի բութ մասով հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանում: Սյունիքի մարզի 1958թ. ծնված բնակիչը ապրիլի 9-ին ձերբակալվել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող կացինը, քարեր` արնանման նյութի հետքերով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
