Թուրք-քրդական բախումներ Դիարբեքիրում եւ Իգդիրում
Ապրիլի 3-ին Դիարբեքիրի Քուլփ շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է գյուղի անվտանգության մեկ աշխատակից, վեց հոգի էլ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Ermenihaber-ի փոխանցմամբ, քուրդ զինյալների հարձակումից հետո տարածքում թուրքական ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություն։ Ապրիլի 4-ին առավոտյան էլ քուրդ գրոհայինները Թուրքիայի Իգդիր նահանգում հարձակվել են թուրք-իրանյան սահմանին տեղակայված գումարտակներից մեկի վրա։ Դրա հետևանքով վիրավորվել է 2 թուրք զինվոր, որից 1-ի վիճակը ծանր է։ Հարձակումն իրականացնելուց հետո քուրդ զինյալները նահանջել են լեռներ։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։
