Ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը. Լապշինը դժգոհել է Հայաստանից
Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի բլոգեր Լապշինը անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջային ոլորտի վիճակին և բարձր գներին: Լապշինը գրել է, թե Հայաստանում ավիատոմսերը եւ հյուրանոցները բավական թանկ են, ավելի թանկ է մեկ շաբաթ հանգստանալ Հայաստանում, քան օրինակ Փարիզում կամ եվրոպական մի շարք այլ քաղաքներում: «Հարց իմ հայ ընկերներին: Ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը: Օրերս տոմս էի փնտրում Երևանից Փարիզ ապրիլի վերջի համար, և բոլոր տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ սկսվում են 250 եվրոյից, և դա դեռ էժան է... Իսկ միջինը՝ մի ուղղությամբ՝ 350 եվրոյից սկսած»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ մինչդեռ Վրաստանից Փարիզ հնարավոր է թռչել ընդամենը 50 եվրոյով: Նա գրել է նաև հյուրանոցների թանկ լինելու մասին: Բլոգերը հարցով դիմել է, թե ինչու չկան էժան բյուջետային ավիաընկերություններ, մաքուր, բայց միաժամանակ էժան հյուրանոցներ. «Ասացեք ինձ՝ ինչո՞ւ գրեթե անհնար է Երևանում օրական 50 եվրոյից ցածր գնով հյուրանոց գտնել: Ես խոսում եմ միջին՝ 3-աստղանի հյուրանոցի մասին՝ առանց ճոխության, բայց որպեսզի մաքուր լինի»,- գրել է նա:
