Տուգանքի չափը հնգապատիկից դարձնել տասնապատիկ. նոր նախագիծ
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը պարտադիր կերպով առաջացնում է տուգանքի նշանակում: Սակայն իրականում լինում են այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ, երբ համարանիշը սահմանված տեղում փակցնելը տվյալ պահին անհնար է, անհաղթահարելի հանգամանքներից ելնելով: Հետևապես անհրաժեշտություն է ծագում այդպիսի դեպքերի պարագայում նախատեսել տուգանքից ազատման հնարավորություն: Բաբուխանյանն առաջարկում է ավելացնել տրասնպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու համար նախատեսված տուգանքի չափը, օրենքում հատուկ նշելով ծխախոտը նետելու հանգամանքը, և տուգանքի չափը հնգապատիկից դարձնել տասնապատիկ և դարձնել 10 000 դրամի չափով: Ինչպես ասաց՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն վարորդների հանդեպ ավելի արդարացի վերաբերմունքի:
