Կառավարությունը հարկային արտոնություն կտա Սամվել Ալեքսանյանին
Կառավարությունն իր վաղվա նիստում հարկային արտոնություն է տալու գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս իրեն պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության համար Թուրքիայից և Ուզբեկստանից 706 միլիոն դրամի տրիկոտաժե գործվածք, թելեր, կոճակներ և այլ տեքստիլ պարագաներ է ներկրել: Ընդ որում, կառավարությունը գերակա ոլորտ է համարում այդ բիզնեսը: «Բավարարել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ»,- նշված է կառավարության որոշման նախագծում: «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության տրամադրում»,- նշված է որոշման նախագծի վերջում:
