«Եթե Ղարաբաղում կրկին պատերազմ բռնկվի, Ռուսաստանը կանի այն, ինչ ԱՄՆ-ը կաներ». Քեննեթ Յելովիթս
«Վստահ չեմ ռուսական անվտանգության երաշխիքների հարցում»,- ԱՄՆ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպես պետք է արձագանքի Արևմուտքը» թեմայով քննարկմանը, ի պատասխան հարցին, թե Ռուսաստանը վստահելի անվտանգության երաշխավոր է, և ինչու Ռուսաստանը չի գրավի ադրբեջանական կողմը՝ հակամարտության սրացման դեպքում լքելով Հայաստանին, նման տեսակետ հայտնեց «Վուդրո Վիլսոն» կենտրոնի ներկայացուցիչ Քեննեթ Յելովիթսը:Այս մասին գրում է 168 ժամը:
Նա նշեց, որ շատ դժվար է պատասխանել այդ հարցին: Յելովիթսն ասաց, որ հետևել է ուկրաինական իրադարձություններին, 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմին:
«Մենք ակնհայտորեն տեսել ենք, որ Ռուսաստանը մտրակել է Սառը պատերազմից հետո ձևավորված անվտանգության ճարտարապետությունը, որը ձևավորվել էր Եվրոպայի համար: Ռուսաստանի երաշխիքների վերաբերյալ ես վստահ չեմ: Ինչպես ասացի, որքանով ես գիտեմ, այն պայմանագիրը, որը Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, չի կարող ավտոմատ կերպով պարտավորեցնել Ռուսաստանին անել ինչ-որ բաներ: Իմ ենթադրությամբ` եթե ռազմական գործողությունները կրկին բռնկվեն, նրանք որևէ մեկի կողմը չեն անցնի, կա հետաքրքրություն երկու կողմի նկատմամբ, սպառազինություն են վաճառում երկու կողմին: Նրանք կանեն հենց այն, ինչ մենք կանեինք` կփորձեն դադարեցնել մարտական գործողությունները՝ որքան հնարավոր է շուտ: Ես կցանկանայի տեսնել փոփոխություններ ռուսական քաղաքականության մեջ հարևանության հետ հարաբերություններում»,- ասաց բանախոսը:
