Հայոց ցեղասպանությունն իրականացնողներից Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է ազատազրկման
Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով։ Պատժի պատճառ է հանդիսացել թուրքական կայքերից մեկում 2013թ. մայիսի 15-ին Ջեմալի գրած «Նահանջի օրացույց» վերնագրով հոդվածների շարքը, որտեղ Ջեմալ փաշայի թոռն անդրադարձել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK)։ Ըստ մեղադրականի՝ նա գովաբանել է PKK-ի պարագլուխներից մեկին, հայտնում է Ermenihaber-ը։ 2017թ. վերոնշյալ գործով դատական լսումներ էին անցկացվել, բայց թուրքական դատարանը հետաձգել էր Ջեմալի պատիժը։ Սակայն Հասան Ջեմալի գործի վերաբերյալ Ստամբուլի դատարանում տեղի ունեցած 2-րդ լսումների ժամանակ դատախազը պահանջել է կիրառել պատիժը։ Նշվում է, որ Ջեմալը ներկա չի գտնվել դատական լսումներին։
