Ինչ կապ ունի Չարբախցի Գեղամի կնոջ «փչացած» Mercedes-ը Նորատուսցի Ալիկի և մյուսների արյունոտ ռազբորկայի գործի հետ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը: Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով: Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ: Դատարանի դահլիճում ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որ առողջական վիճակով պայմանավորված՝ զննության վայր մեկնել չի ցանկանում նաև իր պաշտպանյալը: Զննության ենթակա մեքենան Պետրոս Իսրայելյանի կնոջ՝ Անժելայի մեքենան է, Պետրոս Իսրայելյանը, ըստ պաշտպանի, առնչություն էլ չունի այդ մեքենային: Զննությանը ներկա էր Պետրոս Իսրայելյանի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը: Զննության վայր գնալ չցանկացավ նաև գործով ազատության մեջ գտնվող ամբաստանյալ Արմեն Գասպարյանը՝ Բդոն՝ զննվող մեքենան իր հետ որևէ առնչություն չունենալու պատճառաբանությամբ: Զննության վայր չներկայացավ նաև Արմեն Գասպարյանի շահերի պաշտպանը: Զննվող «Մերսեդես Բենցի» վրա ոչ մի կնիք չէր պահպանվել: Բայց այնպես էլ չէր, որ մեքենայի դռները բաց էին: Որպեսզի մեքենայի դռները բացվեն, հատուկ մասնագետ աշխատեց՝ «ճնշում չափելու» գործիք հիշեցնող ինչ-որ գործիքով: Ընդ որում՝ տվյալ մասնագետը աշխատելուց առաջ պահանջեց, որ զննության մասնակիցները հեռու կանգնեն ու հասու չլինեն իր աշխատանքի գաղտնի հնարքներին: Այս առումով չթույլատրվեց նաև տեսանակարահանումը: Մանրամասները՝ այստեղ:
