Արևմտյան երկրների դեսպանները կանչվել են ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն այսօր ռուս դիվանագետներին արտաքսած երկրների դեսպաններին բողոքի նոտա կհանձնի, հաղորդում է ТАСС-ը: «Մարտի 30-ին ՌԴ ԱԳՆ են կանչվել այն երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ի նշան «Սկրիպալի գործի» հետ կապված Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության: Դեսպաններին կհանձնվեն բողոքի նոտաներ, ինչպես նաև կհայտարարվեն ռուսական կողմի պատասխան միջոցների մասին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Նշվում է, որ Սմոլենսկի հրապարակում ԱԳՆ-ի կենտրոնական շենք են արդեն ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Նիդերլանդների, Ալբանիայի և Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
