Սյունիքում մարդ են սպանում՝ ոչ ոք չի դատվում, իսկ 10000 դրամ գողացած բազմազավակ մորը 6,5 տարով դատում են
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքում մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննիչները «կտրիճ» են դարձել ու ոգեւորված քրեական գործ հարուցել երեք երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի դեմ՝ ընկերուհուց տասը հազար դրամ գողանալու համար: Իսկ արդարադատ դատարանը Հասմիկին վեց տարի վեց ամիս ազատազրկում է որոշել: Դեռ ավելին, նշվում է, որ դատարանը մեղմ է վարվել եւ գույքի բռնագրավում չի որոշել, քանի որ ամբաստանյալը երեք երեխաների մայր է: Սա սրիկայություն չէ՞: Իսկ ո՞վ է այսօր պահելու այդ երեխաներին: Ինչպիսի՜ արդարադատություն:
Ընդամենը վերջերս նույն Սյունիքում բոլորի աչքի առջեւ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) իր խմբով գնդակահարեց Բուդաղյան եղբայրներին, Ավետիքը զոհվեց, իսկ Արտակը ծանր վիրավորվեց: Ո՞վ է հիմա պատիժ կրում: Ոչ ոք: Ոչ ոք չդատվեց: