Իրանը կարող է գազատար կառուցել դեպի Եվրոպա
Իրանի ազգային գազի ընկերությունում հայտարարել են Եվրոպա գազ մատակարարելու նպատակով խողովակաշար կառուցելու մասին՝ հաղորդում է korrespondent.net-ը` վկայակոչելով Shana-ին: Ընկերության՝ միջազգային հարցերով զբաղվող կառավարիչ Ազիզոլա Ռամեզանին մեկնաբանել է, որ Ռուսաստանը Եվրոպա գազ մատակարարելու համար օգտագործում է 3000 կմ երկարությամբ խողովակաշար, և նշել, որ Իրանը ևս կարող է նման խողովակաշար կառուցել: Ռամեզանին նշել է, որ նավթի գների անկումը Եվրոպա գազի մատակարարումը շահավետ է դարձնում: Նրա խոսքով՝ Չինաստանը և Հնդկաստանը ևս կարող են ցանկալի ուղղություն դառնալ իրանական գազի արտահանման համար: Նա նաև նշել է, որ Իրանը աշխարհում բնական գազի ամենաշատ պաշարներն ունի, և հավելել է, որ իր երկիրը պարտավոր է մեծացնել ներկայությունը համաշխարհային շուկայում՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները:
