Հայհոյելու համար զինվորը սպանել է ծառայակցին

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռազմիկ Խուդավերդյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: 1998 թվականին ծնված Ռազմիկ Խուդավերդյանը ժամկետային զինծառայող է եղել՝ նռնակաձիգի օգնական: 2016 թվականի հոկտեմբերի 7-ին նա, լինելով երեք ամսվա զինծառայող, առաջնագծում նշանակվել է մարտական հերթապահության, կատարել է դիտորդի պարտականություններ համածառայող Վահագն Վ.-ի հետ, ով մեկ տարվա զինծառայող էր: Ըստ մեղադրանքի՝ Վահագն Վ.-ն առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ժամանակ քնել է: Ռազմիկը նրան հաճախ արթնացրել է, խնդրել ու պահանջել է, որ չքնի: Սակայն Վահագնը շարունակել է քնել: Ռազմիկը տեղյակ է պահել վերադաս սպաներին, խնդրել է իրեն մեկ ուրիշ զինվորի հետ նշանակել հերթապահության, պատճառաբանել է, որ Վահագնը քնում է, ինքը մենակ վախենում է դիրքում: Սակայն փոփոխություն չի կատարվել, Ռազմիկն ու Վահագնը շարունակել են միասին հերթապահել: Հոկտեմբերի լույս 15-ի կեսգիշերից մինչև գիշերվա ժամը երեքը Ռազմիկն ու Վահագնը եղել են հերթապահության մեջ: Վահագնը նորից քնել է, Ռազմիկը արթնացրել է նրան, դիտողություն է արել: Վահագնը Ռազմիկին վիրավորել է՝ վերադասին տեղեկություններ հայտնելու համար, սպառնացել է՝ երբ վերադառնան զորամաս, զինծառայողներին ասելու է Ռազմիկի վարքագծի մասին, նրան «գ…ելու են»: Ռազմիկը զգուշացրել է, որ Վահագնը իր հետ նման արտահայտություններով չխոսի: Վահագնը հայհոյանք է հնչեցրել Ռազմիկի ծնողի հասցեին: Ռազմիկ Խուդավերդյանը այդ հայհոյանքից անմիջապես հետո լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու երկու կրակահերթով փամփշտատուփի բոլոր 30 փամփուշտներով կրակել է Վահագնի վրա և տեղում սպանել է նրան: Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Ռազմիկ Խուդավերդյանը, մինչև սպանությունը, կատարել է ևս մեկ անօրինական արարք՝ նա համածառայողներից մի քանիսի հետ ուղեգրվել է զինհոսպիտալ՝ հետազոտության: Նրան ու համածառայող Նարեկ Խ.-ին հոսպիտալում ստացիոնար բուժման չեն պահել: Նարեկը Ռազմիկի հետ պայմանավորվել է, որ վերջինս զորամասում ասի, թե Նարեկին պահել են հոսպիտալում, իսկ իրականում Նարեկը զորամաս է վերադարձել հաջորդ օրը: Այսինքն՝ Ռազմիկն օժանդակել է, որ Նարեկ Խ.-ն կարճ ժամանակով խուսափի զինծառայությունից: Այս դրվագով Ռազմիկ Խուդավերդյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-361 հոդվածի 1-ին մասով: Այս գործի շրջանականերում դատվել է նաև Նարեկ Խ.-ն, բայց նա վերաքննիչ բողոք չէր բերել, նրա մասով դատական ակտը մտել է ուժի մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 38-361 հոդվածի 1-ին մասերով և վերջին հաշվով դատապարտել է 9 տարի 9 ամիս ազատազրկման: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ապրեսյանը: Պաշտպանը խնդրել է վերաորակել իր պաշտպանյալին մեղսագրված արարքը, նրան մեղավոր ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածով: Արարքը չվերաորակելու դեպքում պաշտպանը խնդրել է մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ սահմանել Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ, կամ սահմանել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն պատժաչափը՝ 8 տարի ազատազրկում: Վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ապրեսյանը նախ ցավակցություն հայտնեց տուժողի ընտանիքին. «Ամեն դեպքում՝ հայոց բանակի զինվոր է սպանվել: Պաշտպանյալիս և ինձ համար դա շատ ցավալի է…»: Պաշտպանը նշեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը անօրինական ու անհիմն է, չի բխում քր. դատ. օր.-ի բազմաթիվ հոդվածների պահանջներից: Դատարանը չի կիրառել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պիտի կիրառեր՝ 105 հոդվածը, այլ Ռազմիկ Խուդավերդյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Պաշտպանն ընդգծեց, որ երեք ամսվա զորակոչված Խուդավերդյանին առաջնագիծ՝ մարտական հերթապահության ուղարկելը արդեն իսկ ճիշտ չէր, նա չէր անցել վեցամսյա պարտադիր ուսուցումը: Բայց Ապրիլյան պատերազմից հետո, ելնելով իրավիճակից, Խուդավերդյանն ուղարկվել է առաջնագիծ: Ցավոք, նրան հերթապահության են նշանակել մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ի հետ, ով հերթապահության երրորդ օրից սկսել է քնել դիրքում՝ նոր զորակոչված զինվորի ուսերին թողնելով հերթապահության ծանրությունն ու պատասխանատվությունը: Ռազմիկը նրան բազմիցս դիտողություն է արել, խնդրել է, բայց Վահագնը ուշադրություն չի դարձրել: Ռազմիկը վերադասին խնդրել է իրեն հերթապահության նշանակել մեկ ուրիշ զինվորի հետ, ասել է, որ Վահագնը քնում է դիրքում: Պաշտպանը նշեց՝ դիրք հասնելուն պես Վահագնը «պլաշչը» գցում էր վրան ու քնում էր: Իսկ երբ Ռազմիկը փորձում էր նրան արթնացնել, նա ասում էր՝ ինձ հետ գործ չունես, ես մտքերով տանն եմ… Պաշտպանը նշեց՝ Վահագնը իմանալով, որ Ռազմիկը վերադասին տեղյակ է պահել դիրքում իր՝ քնելու վերաբերյալ, ասել է՝ դա «լավ տղու» քայլ չի: Վահագնը սպառնացել է՝ երբ զորամաս գնան, ծառայակիցներին տեղյակ է պահելու Ռազմիկի արարքի մասին, Ռազմիկին «գ…ելու են»: Ռազմիկն ասել է՝ ոչ ոք իմ նկատմամբ չի կարող նման արտահայտություն անել: Վահագնը ի պատասխան՝ հայհոյել է Ռազմիկի ծնողին: Հայհոյանքին անմիջապես հաջորդել է Ռազմիկի արձակած կրակահերթը՝ 30 փամփուշտն էլ կրակել է, ու Վահագն Վ.-ն տեղում սպանվել է: Պաշտպանն ընդգծեց՝ Վահագնը Ռազմիկ Խուդավերդյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է, նրա ծնողների հասցեին հայհոյանք է հնչեցրել: Ռազմիկն ընկել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակի մեջ ու այդ վիճակում է կրակահերթերն արձակել: Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ կատարվել է դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Ռազմիկ Խուդավերդյանը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել: Սակայն ըստ պաշտպանի՝ փորձագետի եզրակացությունը գործով ձեռք բերված ապացույցներից միայն մեկն է, մինչդեռ բոլոր ապացույցների համակցությամբ, ըստ պաշտպանի, հիմնավորված է, որ Ռազմիկ Խուդավերդյանը սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ տուժողի անօրինական, հակաբարոյական վարքագծի պատճառով: Ընդհանուր իրավասության դատարանը, ըստ պաշտպանի, օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցների համակցությանը: Պաշտպանը նաև ընդգծեց՝ եթե անգամ վերաքննիչ դատարանը ևս հանգի եզրակացության, որ Ռազմիկ Խուդավերդյանը արարքը չի կատարել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապա անպայման պետք է անդրադառնա պատժի մեղմացման հարցին, քանի որ առաջին ատյանի դատարանը Ռազմիկի նկատմամբ սահմանել է նրա անձին, արարքի հանրային վտանգավորությանը ոչ համաչափ խիստ պատիժ: Պաշտպանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում դատախազը ավելի մեղմ պատիժ է միջնորդել՝ սպանության համար՝ 9 տարի ազատազրկում, իսկ դատարանը դատախազի միջնորդածից էլ ավելի խիստ պատիժ է նշանակել: Պաշտպանը խոսեց նաև կատարվածի բարոյական կողմի մասին, ասաց, որ մեկ տարվա զինծառայող Վահագն Վ.-ն երեք ամսվա զինծառայողի նկատմամբ, ում մարտական հերթապահության էին նշանակել առաջնագծում, պետք է ուշադիր լիներ, նրան սովորեցներ, օգներ, իսկ նա, հակառակը, հերթապահության ամբողջ ծանրությունը բարդել է Ռազմիկի վրա և ինքը դիրք մտնելուն պես քուն է մտել: Երբ կրակահերթից հետո գետնատնակում գտնվող զինվորները դուրս են եկել ու Ռազմիկ Խուդավերդյանին հարցրել են՝ ինչո՞ւ նման բան արեց, նա պատասխանել է. «Լաբավոյ քֆուր էր անում ծնողիս հասցեին, ի՞նչ անեի…»: Պաշտպանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ եթե դեպքի պահին Ռազմիկ Խուդավերդյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չլիներ, 30 փամփուշտը չէր կրակի: Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանում միջնորդել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, բայց դատարանը մերժել է իր միջնորդությունը: Ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանը միացավ պաշտպանի բողոքին: Դատարանի հարցին նա պատասխանեց, որ տուժողի ընտանիքին իր ընտանիքի կողմից ոչ մի օգնություն, օժանդակություն չի եղել: Պաշտպանի բերած բողոքի դեմ առարկեց մեղադրող դատախազը: Նա ասաց, որ Ռազմիկ Խուդավերդյանի արարքը ճիշտ է որակված, առաջին ատյանի դատարանը կայացրել է պատճառաբանված ու հիմնավոր դատական ակտ, որը պետք է թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի բողոքը ենթակա է մերժման: Դատախազը անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, նշեց, որ ըստ այդ եզրակացության՝ դեպքից հետո Ռազմիկ Խուդավերդյանը ծառայակիցների հարցերին պատասխանել է «պարզ ուղեղով», նա չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս արդեն իսկ հաշվի է առել տուժողի հակաբարոյական, հակաօրինական վարքագիծը, այդ պատճառով Ռազմիկ Խուդավերդյանի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածով նախատեսված նվազագույն պատժին մոտ պատիժ, պատժի մեղմացում կատարելու անհրաժեշտություն ևս, ըստ դատախազի, չկա, 30 փամփուշտով կատարված սպանություն «քիչ է պատահում»: Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը: Նա վերաքննիչ դատարանին տեղյակ էր պահել, որ կարող է ներկայանալ հաջորդ դատական նիստին: Նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, որ այս գործով տուժողի իրավահաջորդին անգամ դատական ակտը չի ուղարկվել, նրան, փաստորեն, զրկել են դատավճիռը բողոքարկելու իրավունքից: Դատական հաջորդ նիստին վերաքննիչ դատարան կհրավիրվի նաև տուժողի իրավահաջորդը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video) ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ․ «Նարեկ Կարապետյանը փաստերով մերկացնում է նիկոլական կեղտոտ ստերը» (video) Աննա Վարդապետյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները մասսայաբար լքեցին դահլիճը (video) «Հրապարակ»․ Քարոզչական նյութերի համար անվճար տեղեր են հատկացրել. «Հրապարակ օրաթերթ» Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am