Ֆրանսիան դատապարտում է Իլհամ Ալիևի հայտարարությունը
Ֆրանսիան հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման առնչությամբ իր դիրքորոշումը կարտահայտի, երբ ամեն ինչ հստակեցված կլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը «վերադարձնելու» վերաբերյալ հայտարարություններին՝ նշելով, որ ծանոթ է այդ հայտարարությանը, և Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց տվել է անմիջապես տարածած իր պաշտոնական հայտարարությամբ: «Կարևոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որը դատապարտում է բանակցային գործընթացը խոչընդոտող նմանատիպ ցանկացած հայտարարություն: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր հստակ կարծիքը հայտնել է»,- ասաց դեսպանը:
