Սաակաշվիլին Արսենի Յացենյուկին մեղադրել է ստի մեջ
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին մեղադրել է ստի մեջ` նշելով, որ նա անջատված է իրականությունից, փոխանցում է РИА Новости-ն: «Վարչապետն արդեն շատ է խաբել: Նա շարունակում է ապրել զուգահեռ իրականությունում»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում: Նա այդ կերպ մեկնաբանել է կառավարության ղեկավարի խոսքերը Օդեսայի մաքսային ծառայության անարդյունավետ աշխատանքի մասին: «Յացենյուկը հերթական անգամ հայտարարել է, որ Օդեսայի մաքսայինն արդյունավետ չի և չի գերակատարում պլանը` նախընտրելով անտեսել այն փաստը, որ 2016-ի առաջին ամիսներին միայն Օդեսայի մաքսայինը գերակատարել է պլանը 183.6 մլն գրիվենով»,- ասել է Սաակաշվիլին: Նրա խոսքով` վարչապետի իրականությունում մաքսայինի աշխատանքը գնահատվում է ոչ թե աշխատանքի օպերատիվությամբ կամ գործընթացների հեշտացմամբ, այլ պլանի կատարմամբ:
