Թուրքիայում հարսանիքի ժամանակ քրդերեն երգած երաժիշտներն ու հարսանքատերը ձերբակալվել են
Ստամբուլի Գյունգորեն թաղամասի հարսանյաց սրահներից մեկում անցկացված հարսանիքի ընթացքում քրդերեն երգ հնչեցնելու համար երաժիշտներ Իհսան Աջեթը, Ինայեթ Շարքըչը եւ հարսանիքի կազմակերպիչ Հիքմեթ Աքյոլը ձերբակալվել են: Ermenihaber-ի փոխանցմամբ, ձերբակալվածները մեղադրվել են «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» մեջ: Իրավապահ մարմինները դատարանում երաժիշտներից բացատրություն են պահանջել՝ իրենց նվագած երգացանկի վերաբերյալ: Մեղադրականներին կցվել են երաժիշտների՝ սոցցանցում Աֆրինի թեմայով կատարած գրառումները: Դատարանը որոշել է, որ վերոնշյալ քաղաքացիներին ձերբակալելու համար կա հանցագործության հիմնավոր կասկածանք և գործ հարուցելու համար առկա են բավարար փաստեր:
