Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են «Jeep Compass», «Lada» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Բախման հետևանքով «Jeep Compass»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, մասամբ փակելով երթևեկելի գոտին, իսկ «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշների, ապա ճանապարհին տեղադրված ցուցանակին և մոտ 40 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո «ՎԱԶ 2107»-ը բախման վայրից մոտ 700 մետր առաջ է ընթացել։
