Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների
Փետրվարին Հյուսիսային ծովում անցկացվող վարժանքների ընթացքում Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) ինքնաթիռները երկու անգամ վտանգավոր կերպով մոտեցել են չպարզված օբյեկտների, որոնք, ենթադրաբար, անօդաչու թռչող սարքեր էին։ Դեպքերից մեկում օբյեկտն այնքան է մոտեցել լիցքավորող ինքնաթիռին, որ օդաչուն բնազդաբար կռացել է։ Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է The Telegraph թերթը՝ հղում կատարելով հետաքննությունների նյութերին։
Առաջին միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 18-ին Նորֆոլք կոմսության ափերի մոտ։ Airbus Voyager լիցքավորող ինքնաթիռը մոտ 17 հազար ֆուտ (5,2 կիլոմետր) բարձրության վրա օդում լիցքավորում էր Typhoon կործանիչը, երբ նրա վրայով անցել է փոքր սև օբյեկտ։ Պարբերականի տվյալներով՝ այն լիցքավորող ինքնաթիռից ընդամենը 30–45 մետր հեռավորության վրա էր։ Ինքնաթիռի հրամանատարը կատարվածի մասին հայտնել է ռազմական ավիակարգավարին, սակայն օբյեկտը ռադարի վրա չէր երևում։ Ավելի ուշ օդաչուն ընդունել է, որ չի կարող միանշանակ պնդել, թե դա անօդաչու սարք էր․ օբյեկտը կարող էր լինել, օրինակ, օդապարիկ։
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Համբերսայդ կոմսության ափերի մոտ ուսումնական օդային մարտի ժամանակ։ Typhoon-ի օդաչուն նկատել է ավտոմեքենայի անվադողի չափի սև կլոր օբյեկտ, որն ինքնաթիռի վրայով անցել է մոտավորապես 90 մետր բարձրությամբ։ Կործանիչը գտնվում էր մոտ 3,7–3,8 կիլոմետր բարձրության վրա։ Օդաչուն դիտարկման մասին հայտնել է կարգավարին, ինչից հետո տեղեկությունը փոխանցվել է Հյուսիսային Յորքշիրի ոստիկանությանը։
Երկու դեպքերն էլ քննվում են։ Առայժմ չի պարզվել, թե օդաչուներն ինչ են նկատել, և արդյոք այդ օբյեկտները վտանգ էին ներկայացնում։ Չկան նաև հաստատումներ, որ դրանք պատկանել են օտար պետության։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը պահպանում է բարձր զգոնություն հնարավոր սպառնալիքների նկատմամբ և պատրաստ է արձագանքել այն գործողություններին, որոնք վտանգավոր կճանաչվեն։ Միևնույն ժամանակ, նախարարությունում ընդգծել են, որ անօդաչու սարքի հայտնաբերումն ինքնին դեռ չի նշանակում թշնամական մտադրություններ։
Մեծ Բրիտանիան ավելի քան 2 մլրդ ֆունտ սթեռլինգ (մոտ 2,67 մլրդ դոլար) է ներդնում հակաօդային պաշտպանության և անօդաչու սարքերի դեմ պայքարի միջոցների զարգացման մեջ, ներառյալ Typhoon կործանիչների արդիականացումն ու սպասարկումը։
