Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հանրությանը ներկայացնել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների անցած ուղին ու ունեցվածքը՝ նպատակ ունենալով ապահովել պաշտոնատար անձանց ունեցվածքի թափանցիկությունը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավոր Նելլի Բավեյանի կենսագրությունն ու պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացրած հայտարարագիրը։
Նելլի Բավեյանը ծնվել է 1982 թվականի մայիսի 11-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում։ 2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, իսկ 2007 թվականին՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Տեսական փիլիսոփայություն և տրամաբանություն» մասնագիտացմամբ։ 2009 թվականից ԵՊՀ կլինիկական հոգեբանության ամբիոնի հայցորդ է, իսկ գիտական երեք հոդվածի հեղինակ է։
2020 թվականին հիմնադրել է «Լայվ Սոլուշնս» ՍՊԸ-ն, 2021 թվականին՝ «Էքսպրես Ֆարմ» ՍՊԸ-ն։ 2025 թվականից դասավանդում է ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնում։ 2025-2026 թվականներին աշխատել է «ՆԻԳ» ԲԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ։ 2026 թվականի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ Ամուսնացած է, ունի չորս զավակ։
ՔՊ-ի նախընտրական ցուցակի ձևավորման ներքին քվեարկության առաջին փուլում Բավեյանը ստացել էր 169 ձայն և զբաղեցրել 94-րդ տեղը։
Անշարժ գույք․
Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Նելլի Բավեյանն իր անունով անշարժ գույք չի հայտարարագրել։
Տրանսպորտային միջոց․
Պատգամավորի հայտարարագրւմ առկա է 2002 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերվել 2017 թվականի մայիսի 24-ին՝ նվիրատվության եղանակով։
Դրամական միջոցներ․
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Բավեյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 58 հազար դրամ։ Բացի այդ, նա հայտարարագրել է 4 միլիոն դրամ կանխիկ գումար։
Եկամուտ․
Հայտարարագրի համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում «ՆԻԳ» ընկերությունից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացել է 2 միլիոն 937 հազար 915 դրամ, իսկ Երևանի պետական համալսարանից՝ 25 հազար 411 դրամ։
Այսպիսով, հայտարարագրած եկամուտների ընդհանուր գումարը կազմել է 2 միլիոն 963 հազար 326 դրամ։
Բիզնես և շահեր․
Նելլի Բավեյանը երեք առևտրային կազմակերպություններում ունի 100 տոկոս մասնակցություն։ Դրանք են՝ «Էքսպրես Ֆարմ»-ը, «Լայվ Սոլուշնս»-ը և «Վ Ն»-ը։ «Էքսպրես Ֆարմ»-ում նրա մասնակցության ձեռքբերման ամսաթիվը 2022 թվականի մարտի 24-ն է, «Լայվ Սոլուշնս»-ում՝ 2020 թվականի փետրվարի 7-ը, իսկ «Վ Ն»-ում՝ 2013 թվականի դեկտեմբերի 17-ը։
Հայտարարագրում նշված է նաև, որ նրա ամուսինը՝ Վարդան Ղազարյանը, «ՆԻԳ» ընկերության գլխավոր տնօրենն է։ Բավեյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և կուսակցության՝ Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհրդի անդամ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
