Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ
Qatar Airways-ը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ և Դամմամ քաղաքներից և դեպի այնտեղ չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են տարածաշրջանային լարվածության պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։Նախազգուշացման մեջ ավիաընկերությունը նշել է, որ ուշադիր հետևում է Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող զարգացումներին՝ համապատասխան մարմինների հետ համակարգված։
Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad ավիաընկերությունն իր հերթին մինչև հոկտեմբերի 19 չեղարկել է Աբու Դաբիի և Սաուդյան Արաբիայի Դամմամ, Ջիդդա և Էր Ռիադ քաղաքների միջև իրականացվող մի շարք չվերթեր՝ տարածաշրջանում շարունակվող լարվածության պատճառով։
Ավիաընկերությունը զգուշացրել է ուղևորներին, որ իրավիճակը փոփոխական է, և հնարավոր են հետագա փոփոխություններ։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր մինչև հոկտեմբերի 17-ը Էր Ռիադի «Խալիդ արքա» օդանավակայանի գործունեության կասեցման մասին՝ Եմենի հութիների կողմից օդանավակայանի վրա հարձակումներից հետո անվտանգությունը ստուգելու նպատակով։
Հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը։
Հոկտեմբերի 11-ին քաղավիացիան հայտնել է նոր հարձակման մասին, որի հետևանքով գրանցվել է մեկ զոհ և 11 վիրավոր։
