Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը գրել է․
«Ինչպես ավելի վաղ հայտարարել էի, Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը պաշտոնապես հայտարարում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը։
ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ անցկացվող մրցանակաբաշխությունը նպատակ ունի գնահատելու և արժևորելու այն անհատների ու կազմակերպությունների գործունեությունը, որոնք նշանակալի ներդրում ունեն Հայաստանի, հայ ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության ոլորտներում։
Մրցանակաբաշխությունն անցկացվելու է հետևյալ անվանակարգերում.
1. Հայ ժողովրդի բարեկամ
Օտարերկրյա գործիչներ կամ կազմակերպություններ, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի, այդ թվում՝ հայկական պատմամշակութային կոթողների և ոչ նյութական արժեքների պահպանության, գիտական աշխատանքի, պատմական կեղծարարության դեմ պայքարի և այլ ուղղություններով։
2. Իրավունքի պաշտպան
Անհատներ կամ խմբեր, որոնք նշանակալի գործունեություն են իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
3. Ազատության պաշտպան
Անհատներ կամ խմբեր, որոնք պայքարում են Բաքվի բանտերում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության և նրանց ազատ արձակման համար։
4. Հայկական աշխարհի միասնականություն
Անհատներ կամ խմբեր, որոնց գործունեությունը նպաստում է Հայաստանում հանրային համերաշխության ամրապնդմանը, երկխոսության զարգացմանը և Հայաստան-Սփյուռք միասնականությանը։
5. Սոցիալական ազդեցություն և մարդասիրություն
Անհատներ կամ խմբեր, որոնք անշահախնդիր գործունեությամբ նպաստում են հասարակության տարբեր շերտերի սոցիալական հոգսերի թեթևացմանը։
«Ռոզա Ծառուկյան» հատուկ մրցանակ
Սահմանված է նաև հատուկ մրցանակ՝ Հայաստանում և աշխարհում հանրային արժանապատիվ կեցվածքի և մարդասիրական գործունեության համար։
Ովքե՞ր կարող են առաջադրել թեկնածություններ
– Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի անդամները
– Հասարակական կազմակերպությունները
– Քաղաքացիական նախաձեռնությունները
– Մասնագիտական կառույցները
Թեկնածությունների առաջադրման հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
tsarukyanaward@gmail.com
Կոնտակտային հեռախոսահամար՝ +37498 881987»։
