«Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել, չգիտենք՝ իրականում ինչ է եղել»․ aravot.am
Ժաննա Ալեքսանյանը՝ ՀՀ ներթափանցած, հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինվորի արարքի մասին «Դժվար է սովորական կրիմինալ բնութագրել»,- «Առավոտի» հարցին՝ ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ներթափանցումը, Շաքիի բնակավայրի տներից մեկը ներխուժելը, այնուհետև տանտիրուհու ոտքին կրակելը հնարավո՞ր է սովորական կրիմինալ բնութագրել, ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, այսպես պատասխանեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները տարբեր խոսույթներով իրավիճակը խառնում են, փոխանակ հստակ ինչ-որ կարծիք հայտնեն. «Հարուցվել է քրեական գործ՝ այդ թվում նաև սահմանը հատելու հետ կապված։ Ու այդ ֆոնին առանց քննության, առանց որևէ տեղեկություն հայտնելու ՀՀ վարչապետը միլիոն տեսակի կարծիքներ է հայտնել ու ամեն ինչ խառնել իրար։ Մենք չգիտենք՝ իրականում ինչ է եղել, մենք դա չենք էլ լսում իշխանության կամ պատկան մարմինների կողմից։ Ի՞նչ են պարզել, որտե՞ղ էր այդ ադրբեջանցի զինծառայողը երկու-երեք օր, ո՞նց մենք դա դատենք՝ որպես սովորական կրիմինալ։ Ադրբեջանցի զինծառայողը զենքով շրջել, եկել, տուն է մտել, ոչ մի վստահություն չի ներշնչում իշխանությունների՝ այդ թեմայով հաղորդած տեղեկատվությունը։ Մենք այդ դեպքի մասին ոչինչ չգիտենք։ Ամենացավալին այն է, որ ոչ մի հույս էլ չունենք, թե կլսենք։ Մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի կարծիքները, որը չի կարող հիմք լինել։ Մենք շատ լավ գիտենք, թե կարծիքներն ինչի վրա կարող են հիմնված լինել։ Երեք օրում հասավ այնտեղ, որ մինչև անգամ մեղադրեց այն կնոջը, որը փորձել է փրկել իր երեխաներին ու ընտանիքը։ Ամենակարևոր բանը, որ նրանց մտահոգում է, այն է, որ հանկարծ իրենց խաղաղությունը չվնասվի։ Չտեսանք իրավապահ մարմինների հայտարարությունները, գլխավոր դատախազի՝ հանրությանն ուղղված խոսքը, թե այսքան աղմուկից հետո ինչ եզրակացություններ ունեն կամ ինչ են տեսել, գտել ինչ է սպասվում. առնվազն սպանության փորձ է։ Այդ հարցերի պատասխանները մենք չենք ստացել, և վստահ չեմ, թե մենք կստանանք»։
Մեր փաստմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կրիմինալը կրիմինալ է, կապ չունի՝ հայ է, ադրբեջանցի, թուրք է, վրացի է, թե՝ ռուս, Ժաննա Ալեքսանյանն արձագանքեց. «Նույնիսկ մարզիկներին է ասում՝ ինչու եք գրում, որ հաղթել է ադրբեջանցուն, երբ բոլոր երկրներն են դա անում։ Փաշինյանը շատ հոգատար է ադրբեջանցու նկատմամբ և այդ հոգատարությամբ ամեն ինչին է վերաբերվում։ Մեզ համար Ադրբեջանը մնում է՝ որպես թշնամի երկիր, մենք դեռ պատերազմից, մեր զոհերից աչք չենք բացել, ուշքի չեն եկել ոչ միայն իրենց որդիներին կորցրած հարազատները, այլև՝ մենք։ Ադրբեջանը մեզ համար մնում է՝ որպես թշնամի երկիր, և նրա զինվորն ըստ այդմ՝ մնում է թշնամի երկրի զինվորը, որը զինված է եկել, չի հանձնվել, որևէ բան չի հայտարարել այն մասին, թե չի պատրաստվում հանցագործություն անել, որ իր նպատակները խաղաղ են, իր հետ ինչ-որ բան է պատահել, որ ինքը եկել է։ Տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է փրկել Ադրբեջանի դեմքը, չեմ կարծում, որ մեր հանրությունը դրան կողմ է»։
