Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների վեց օգնականների մտնել ԱԺ տարածք
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արգելել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների վեց օգնականներին մուտք գործել խորհրդարանի տարածք, ինչպես նաև հրահանգել է կարգապահական վարույթ նախաձեռնել նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» միջև տեղի ունեցած ընդհարումից և քաշքշուկից հետո Ռուբինյանը հայտարարեց, որ իրեն տեղեկացրել են, թե «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների որոշ օգնականներ փորձել են «ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ» ու խոստացավ այն դարձնել քննության առարկա։
24News-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը փոխանցեց, որ խմբակցությունը Ռուբինյանի որոշման ծանուցումը չի ստացել ու ծանոթ է ընդամենը մամուլում շրջանառվող հրապարակումների մակարդակով։
«Խմբակցությունը թեմային հրապարակային կարձագանքի Ռուբեն Ռուբենյանի կողմից կայացված որոշման ծանուցումը ստանալուց հետ», – նշեց նա։
Հերմինե Միքայելյան
