Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը, ընդ որում` բավականին հաջող ՀՀ իշխանությունների վարքագծի պատճառով։
Իսկ Հայաստանի պետական ինստիտուտները պարզապես հետևում են Ադրբեջանի գործողություններին (լավագույն դեպքում), իսկ իշխանամետ փորձագիտական ու հարակից մարդկանց ու խմբերի միակ արձագանքը թերևս այն է, որ Ադրբեջանի հակահայկական գործողությունների թիրախը ներքին լսարանն է։
Հիշենք, թե մինչև 2016 ապրիլ, 2020 սեպտեմբեր ու մինչև 2023 սեպտեմբեր Հայաստանի ու հայության դեմ նարատիվային, հիբրիդային պատերազմի ինչպես էին նորից նույն հիմար թեզերով պատասխանում։
Հատկապես ավտորիտար ռեժիմները խնդիր չունեն ներքին լսարանի համար արտաքին նարատիվների զարգացման։ Ընդհակառակը` հասարակության համախմբման համար նրանք կարիք ունեն արտաքին թշնամու կերպարի, և պարբերական հակամարտությունների, որը անհրաժեշտ միջավայրի դեպքում կարող է լուծել բազմաթիվ խնդիրներ։
Ուրեմն` Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմը կապը ներքին լսարանի հետ միայն հարակից կապ է, իսկ իրականում այն հետապնդում է տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։
Միջազգային հարաբերությունների տեսություններ ուսումնասիրող ցանկացած մարդ գիտի, որ այս բոլորի համատեքստում տարածաշրջանային ուժերի նոր ստատուս քվոյով ձևավորված կոնֆիգուրացիայի պահպանումն է, այլ կերպ ասած` Ադրբեջանի ուժային հաշվեկշռի գերազանցության ապահովում ինչպես սպառազինության, այնպես էլ տնտեսական, լոգիստիկ, հոգեբանական, տարածքային և այլ առումներով։
Այս պահին ձևավորված է հայ-ադրբեջանական ուղղահայաց հարաբերություններ, որտեղ Ադրբեջանը ունի թելադրողի, իսկ Հայաստանը՝ կատարողի կարգավիճակ։
Այնպես որ, սիրելիներ, խաղաղությունը հնարավոր է, եթե կա ուժերի հավասարակշռություն։ Սա նման է ձգողականության օրենքին` անվիճելի է, պատմության կողմից բազմիցս ապացուցված»։
