ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը
ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է «Ներքին վճռականություն» ռազմական առաքելությունն Իրաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պատերազմի նախարարությունը։
«Այսօր Միացյալ Նահանգները և մեր կոալիցիոն գործընկերները պաշտոնապես ավարտեցին «Ներքին վճռականություն» գործողությունը՝ համապատասխան 2024 թ. սեպտեմբերի ԱՄՆ-Իրաք համատեղ հայտարարությանը և ԱՄՆ ազգային շահերին։ Կոալիցիոն ուժերի և սարքավորումների կարգավորված դուրսբերումն Էրբիլի ավիաբազայից նշանավորում է Իրաքում «Իսլամական պետությանը» պարտության մատնած ռազմական առաքելության հաջող ավարտը», – նշված է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ այս իրադարձությունն արտացոլում է 12-ամյա արշավի հաջողությունը, որը պարտության է մատնել ԻՊ-ին՝ որպես կազմակերպված ռազմական սպառնալիք Իրաքում և ամբողջ տարածաշրջանում:
Ըստ հայտարարության՝ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իրաքը և Իրաքյան Քուրդիստանը կկարողանան անկախ կերպով ապահովել անվտանգությունը և վերացնել ԻՊ-ի մնացած զինյալներին։
«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ահաբեկչության դեմ պայքարին և կշարունակի համագործակցել Իրաքի և մեր գործընկերների հետ՝ ապահովելու, որ ԻՊ-ն երբեք չվերակազմավորվի Իրաքի տարածքում», – նշում է նախարարությունը։
Իրաքի վարչապետ, զինված ուժերի գերագույն հրամանատար Ալի ազ-Զայդին իր հերթին հայտարարել է Իրաքում միջազգային կոալիցիայի կողմից ԻՊ-ի դեմ պայքարի առաքելության պաշտոնական ավարտի մասին։
Նա նշել է, որ Իրաքն այսօր քաղում է հսկայական զոհողությունների և հերոսական ջանքերի պտուղները, որոնք տևել են տարիներ, մինչև անվտանգության ուժերն իրենց բոլոր ստորաբաժանումներով վերահսկողություն են հաստատել Իրաքի ողջ տարածքում։
Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին սեպտեմբերի 30-ին հաստատել է, որ իրաքյան ուժերը և Փեշմերգան (ինքնավար քրդական տարածաշրջանի զինված ուժեր) պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի։
Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ նշելով, որ «կոալիցիոն ուժերի առաքելության ավարտը չի նշանակում այդ երկրների հետ հարաբերությունների ավարտ. ընդհակառակը, հարաբերությունները կընդունեն այլ ընթացք և կլինեն տարբեր»։
