Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինան կվճարի վերջին ամիսներին Ռուսաստանի ուղղությամբ հասցրած հարվածների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նախագահը նույնպես խոսել է այդ մասին. Ուկրաինան ստիպված է լինելու վճարել վերջին ամիսներին իրականացված գործողությունների համար։ Հիմա հենց դա է տեղի ունենում։ Մեր զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը և բավականին հետևողականորեն հարվածներ են հասցնում այն թիրախներին, որոնք նպատակահարմար են համարում», – ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը և երաշխավորի, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հարված հասցնել նրան:
«Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը բոլորին քաջ հայտնի են։ Մենք պետք է երաշխավորենք մեր անվտանգությունը։ Մենք պետք է ապահովենք, որ ոչ ոքի մոտ ցանկություն չառաջանա հայտարարել Ռուսաստանին 40 օրվա ընթացքում ջախջախիչ հարված հասցնելու ծրագրերի մասին, ինչպես, օրինակ, հնչեցվել էր Կիևից», – նշել է Պեսկովը:
