Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան
«Ադրբեջանը պատրաստվում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին»,- գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ․
«ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկիմաստ հայտարարությունը՝ «100 հազարավոր ադրբեջանցիների տուն վերադառնալու» մասին, ինչպես նաև շաբաթներ առաջ Հիքմեթ Հաջիևի այցը Գանձասար և հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ փաստացի ոտնձգությունը հստակ ազդակ են առ այն, որ Բաքուն պատրաստվում է առաջիկայում նոր պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը։
Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը», ինչը հիմնված է անվերջանալի զիջումների տրամաբանության վրա, երբեք իրական խաղաղություն չի բերելու․ այն միայն դուռ է բացում թշնամու նոր հավակնությունների, Հայաստանի սուվերեն տարածքների և մեր մշակութային ու հոգևոր ժառանգության հաշվին արվող նոր զիջումների համար։
Ուժեղ Հայաստանում մենք բերելու ենք խաղաղություն առանց զիջումների՝ հիմնվելով հավասարակշռված դիվանագիտության և տնտեսական հզոր զարգացման վրա։
Միևնույն ժամանակ, պետք է գիտակցել կարևոր մի ճշմարտություն․ արտաքին խաղաղություն հնարավոր չէ կառուցել, եթե խաղաղություն չկա մեր սեփական տանը, եթե երկրի ներսում տիրում է պառակտումն ու անորոշությունը։
Միայն ներքին համերաշխության, հզոր տնտեսության և արժանապատիվ արտաքին քաղաքականության համադրությամբ է հնարավոր կերտել անվտանգ ու ապահով ապագա»։
