6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
ՀՀ կառավարությունը այսօր նախատեսում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կառուցել՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ։ Նախագծի ուսումնասիրությունից, սակայն, ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս՝ մասնավորապես պետական բյուջեի միջոցների և կառուցվելիք գույքի սեփականության հարցում։ Գրում է «Արմլուր»-ը:
Մենք տեղեկացանք, որ նախագծով նախատեսվում է Վարդենիսում կառուցել 700 աշակերտի համար նախատեսված հանրակրթական դպրոց, 150 տեղանոց նախադպրոցական մասնաշենք՝ 100 տեղանոց մանկապարտեզով և 50 տեղանոց նախակրթարանով, ինչպես նաև 60 տեղանոց երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոն։ Ընդհանուր՝ կրթահամալիրը նախատեսված է 910 շահառուի համար։
Նախագծի համաձայն՝ կրթահամալիրը կառուցվելու է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին սեփականության իրավունքով պատկանող հողամասում։ Ավելին՝ ծրագրի շրջանակում կառուցված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվելու է հենց Ընկերակցության անունով։
Այսինքն՝ պետությունը ծրագրին մասնակցում է ֆինանսապես, սակայն կառուցվող գույքի սեփականատերը դառնալու է մասնավոր կողմը։
Պետությունը՝ մինչև 1.67 մլրդ դրամ
Նախագծում ներկայացված հաշվարկներով՝ ծրագրի առաջին երեք փուլերի կողմնորոշիչ արժեքը կազմում է 4.028 մլրդ դրամ, որի շրջանակում պետական բյուջեից նախատեսվող առավելագույն նվիրաբերությունը՝ 1.67 մլրդ դրամ է։
Միաժամանակ նախագծում ներկայացված է նաև այլ հաշվարկ՝ ըստ որի առաջին երեք փուլերի արժեքը կազմում է 6.445 մլրդ դրամ։ Այդ հաշվարկով Ընկերակցության սեփական միջոցների չափը 4.775 մլրդ դրամ է, իսկ պետական բյուջեից նախատեսվող առավելագույն նվիրաբերությունը կրկին 1.67 մլրդ դրամ։
Պետական միջոցների հիմնական մասը նախատեսվում է ուղղել դպրոցի շենքի կառուցմանը։ Մասնավորապես, պետական բյուջեից դպրոցի շինարարության համար նախատեսվող նվիրաբերության առավելագույն չափը սահմանված է 1.67 մլրդ դրամ։
Մնացած աշխատանքների՝ այդ թվում նախադպրոցական մասնաշենքի, ցերեկային կենտրոնի, ինչպես նաև մի շարք հսկողության ծառայությունների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Ընկերակցության սեփական միջոցներով։
Նախագծի ամենաուշագրավ դրույթներից մեկը վերաբերում է գնումներին։
Կառավարությունը նախատեսում է սահմանել, որ Ընկերակցությունը կարող է ծրագրի շրջանակում գնումները կազմակերպել իր գնումների կանոններով։ Միաժամանակ նախատեսվում է, որ գնման հրավերներում պետք է ներառվեն «Գնումների մասին» օրենքով սահմանված մի շարք կարգավորումներ, իսկ գործընթացի վերաբերյալ տեղեկությունները պետք է հրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում։
Այսպիսով, պետական բյուջեի միջոցների ներգրավմամբ իրականացվող ծրագրի շինարարական գնումների կազմակերպման մասով նախագծով նախատեսվում է հատուկ կարգավորում՝ մասնավոր գործընկերոջ գնումների կանոնների կիրառմամբ։
Հատկանշական է նաև, որ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարին տրվում է վեցամսյա ժամկետ՝ Ընկերակցության հետ կնքվելիք նվիրաբերության պայմանագրին հավանություն տալու մասին իրավական ակտի նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացնելու Միաժամանակ Ընկերակցությունը պահպանում է հողամասի և կառուցվելիք գույքի նկատմամբ սեփականության իրավունքները։ Գույքը չի կարող գրավադրվել, իսկ հետագայում օտարման դեպքում պետությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ստանալու է գույքը ձեռք բերելու նախապատվության իրավունք։
Ավելին՝ եթե Ընկերակցությունը կրթահամալիրի դպրոցական շենքը օտարի երրորդ անձի, ապա նախատեսվում է պետական բյուջե վերադարձնել դպրոցի շինարարության երկրորդ փուլի համար պետական բյուջեից կատարված հատկացումները՝ օրենքով և պայմանագրով նախատեսված բացառություններով։
Այսպիսով, կառավարության ներկայացրած նախագիծը մի կողմից նախատեսում է Վարդենիսում նոր, անվճար կրթական համալիրի ստեղծում, մյուս կողմից՝ բավական ուշագրավ մոդել է առաջարկում․ պետական բյուջեն մասնակցում է շինարարությանն ու հետագա շահագործման ֆինանսավորմանը, մինչդեռ կառուցվող գույքի սեփականատերը մնում է մասնավոր գործընկերը։
