Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին
Հայաստանի ներկայիս մակրոտնտեսական ցուցանիշներն այնքան էլ աննախադեպ չեն, որպեսզի նման «ձեռքբերման» համար պետական պաշտոնյաներին խրախուսել՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը։
Նրա խոսքով՝ գործ ունենք մի երևույթի հետ, որը կարելի է անվանել «քաղաքական կամայականություն» կամ «քաղաքական պարտադրանք», երբ մեկ անձ որոշում է, թե ում և որքան բարձրացնել աշխատավարձը։
«Եթե դա լիներ կուսակցության մակարդակով և վերաբերվեր կոնկրետ քաղաքական ուժի ֆինանսներին, ապա կասեինք, որ դրանք իրենց ռեսուրսներն են, որոնցով կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ։ Բայց այստեղ գործ ունենք հանրային միջոցների հետ, և ծախսերի արդյունավետության վերաբերյալ պետք է հստակ հիմնավորում լինի»,– նշել է Մարգարյանը։
Փորձագետը նաև ընդգծել է, որ պատահական չէ ՏԻՄ մարմիններում աշխատավարձերը բարձրացնելու մտադրության մասին հայտարարությունը՝ ընտրություններից առաջ։
Մարգարյանի համոզմամբ՝ սա հերթական փորձն է՝ ձեռք բերելու կուսակցական և քաղաքական հավատարմություն և այդ մարդկանց պահելու սեփական ազդեցության ներքո։
